Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջները չկատարելու դեպքում դատի կտան Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Paruyr

Վերջին երեք շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու պահանջով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն դիմեց Սերժ Սարգսյանին: «Մենք մեր պարտքն ենք համարում, հորդորել ձեզ, չդառնալ հակասահմանադրական, հանցավոր ու ապօրինի ճանապարհով հիմնական օրենք ընդունելու ճարտարապետը` հայ իրականության մեջ»: Ըստ նրա՝ նոր Սահմանադրությամբ հարվածի տակ են դրվում առաջին հերթին մարդու իրավունքները: «Ժողովրդավարությունը, քաղաքացու իրավունքներն այս «բարեփոխումներով» ոչ թե ավելանում են, այլ պակասում. պակասում է մոտավորապես 100 տոկոսով»: Այս ուղերձը պատմական ու բարեկամական է, ասում է ԱԻՄ առաջնորդը, սակայն այն չընդունելու դեպքում սպառնում է` Սերժ Սարգսյանի դեմ դատական գործընթաց սկսել: ԱԻՄ-ականների պահանջների հաջորդ հասցեատերը Գլխավոր դատախազությունն էր: Պարույր Հայրիկյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից պահանջեց քրեական հետապնդում սկսել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների նկատմամբ: Նրա խոսքով`վերջիններս հրաժարվել են հանդիպել իրեն ու քննարկել իր դիտարկումները նոր Սահմանադրության շուրջ: «Հանձնաժողովի գործողություններով կամ անգործությամբ, ոչ միայն սահմանափակվեց, այլ նաև ուղղակի ինձ արգելվեց ներկայացնել Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իմ հայեցակարգը»: Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանին էլ մեկ այլ բան է մտահոգում: Ինչպե՞ս կարող է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը միաժամանակ լինել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահը: «Մի մարդ, որը ներկայացնում է դատական ատյան, ինքը չի կարող մասնակցել մի գործընթացի, որի արդյունքում դա կարող է բողոքարկվել դատարանում»,- ասում է նա: Այսինքն՝ Սահմանադրական հանրաքվեի արդյունքները բողոքարկելու պարագայում` ընդդիմադիր ուժերը Սահմանադրական դատարանից չեն կարող արդար վճիռ ակնկալել: Ի դեպ, Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օր է նշանակվել այս տարվա դեկտեմբերի 6-ը: