Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուրս գանք փողոց, կտեսնենք, թե այս ՀՀԿ-ն քանի օր է դիմանալու» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zaruhi-Postanjyan

ԱԺ-ում այսօր շարունակվեց Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության մասին խորհրդի հաղորդման ներկայացումը: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ Հանրային հեռուստատեսությունը բացարձակ անվստահություն է ներշնչում, մանավանդ երբ լուռ է Սահմանադրական փոփոխությունների շուրջ տեղի ունեցող գործընթացի վերաբերյալ. «Այն մթնոլորտն է, որ Սերժ Սարգսյանն իր մոտ անցկացնում է ֆոտոսեսիա, թե իբր կա քաղաքական կոնսենսուս, չկա նման բան: Ես հիմա կթվարկեմ բոլոր այն անձանց անունները, որոնք ոչ միայն մերժում են այդ փոփոխությունները, այլեւ դուրս են եկել պայքարի. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը թեեւ 1996թ. չընտրվելով նախագահ, զավթեց իշխանությունը, սակայն 2008թ. հաղթած նախագահ էր, ու նա պետք է լիներ նախագահ, երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը, 2004թ. ընտրված նախագահ Ստեփան Դեմիրճյանը,  ՀՀ վարչապետներ Հրանտ Բագրատյանը, Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ այլ հասարակական-քաղաքական գործիչներ»: Ըստ նրա՝ հիմա մենք ունենք մի խնդիր, որ այս ամենը պետք է մատուցենք մեր հանրությանը, որ նա իր ընկալումն ունենա, թե ինչ է տեղի ունենում իրականում, թե ինչին են միտված այս փոփոխությունները. «Հանրային գումարները, որոնցով պահում ենք Հանրայինը, ինչո՞ւ իր նպատակին չեն ծառայում, ինչո՞ւ բանավեճ ու հաղորդումներ չեն պատրաստվել ու չի պատրաստվելու: Իշխանագողերին, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիներին են ծառայում այդ գումարները: Դուք ի՞նչ եք լուսաբանել, ոչինչ, ընտրացուցակների մասին ի՞նչ եք անում, կամ ունե՞ք հետաքննություն, որ տվյալ շենքում վաթսուն տոկոսը բացակա է, սակայն ընտրություններին քվեարկել է: Հանրայինն իր առաքելությունը չի կատարել, մեզ մնում է, որ այդ բանավեճերն անցկացնենք այլ տիրույթում՝ youtube, facebook եւ այլն»: Տիկին Փոստանջյանը հայտարարեց, որ թույլ չեն տալու, որ Սերժ Սարգսյանի այս նախաձեռնությունը անցկացվի. «Մենք այս ընթացքը պետք է օգտագործենք, որ տապալենք այս անօրինական իշխանակարգը, այլ ոչ թե ուղղակի գնանք ընտրություններին ու նորից մեզ պարտված զգանք: Մենք դրան չպետք է հասնենք, ամեն մեկս առաջնորդություն ստանձնած, տապալենք այս ամենը: Մենք դա կարող ենք. երեք օր անհնազանդություն ցուցաբերենք, դուրս գանք փողոց, կտեսնենք, թե այս ՀՀԿ-ն քանի օր է դիմանալու, մենք պարտավոր ենք անհնազանդություն ցուցաբերել, մենք հիմա բանակցություններ ենք վարում տարբեր ուժերի հետ, ու դուք ունենալու եք այդ օրակարգը, որով շարժվելու ենք»: Նրա ելույթից հետո ՀՀԿ պատգամավորները սկսեցին տեղից ռեպլիկներ անել: «Անհրաժեշտ չէ ռեպլիկներ գցել, անիմաստ է այս մասին խոսելը, քանի որ սա ինքնապատասխանատվություն է»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Զարուհի Փոստանջյանը ելույթ ունենալուց հետո լքեց դահլիճը: Նաիրա Զոհրաբյանը սկսեց ՀՀԿ պատգամավորների հետ վրդովված քննարկել Զարուհի Փոստանջյանի ելույթը, թե այն ընդհանրապես կապ չուներ քննարկվող թեմայի հետ: Այդ պահին ամբիոնի մոտ էր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որ լուռ հետաքրքրությամբ հետեւում էր այդ խոսակցությանը. «Ոչինչ, որ ժամանակս գնում է, դա վերաբերում է բոլորիս առողջությանը»: