Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե այդքան մտահոգված եք մթերումներով, օգնեք մեզ». գյուղնախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed216

ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանին հուզում է գյուղատնտեսության, մասնավորապես՝ մթերման խնդիրը։ Ազգային ժողովում այսօր նա հարց ուղղեց Գյուղատնտեսության նախարարին. «Բացի անօգուտ խորհրդատվական ծառայությունից և վիճակագրական թվեր ներկայացնելուց, նախարարությունն արդյո՞ք ունի պատրաստի ծրագիր ՝ ավելացած բերքի մթերման խնդրով։ Գյուղացիների մի մասը բերքը թափել է, շատ գործարաններ էժան գներով են փորձում մթերել։ Ի՞նչ է լինելու գյուղացու ճակատագիրը»։ Սերգո Կարապետյանը պատասխանեց. «Սխալ պատկերացում ունեք վիճակագրական տվյալների վերաբերյալ։ Վիճակագրական տվյալները ներկայացնում է վիճակագրական ծառայությունը, ոչ թե Գյուղատնտեսության նախարարությունը։ Ամբողջ աշխարհում գոյություն ունի խորհրդատվական ծառայություն, առանց որի գյուղատնտեսություն լինել չի կարող։ Իհարկե, այսօր լարվածություն կա մթերման, հատկապես՝ խաղողի բերքի առումով։ Մինչև վերջին կիլոգրամը մթերվելու է։ Մեր հաշվարկով, դեռ կա 45-50.000 տոննա խաղող, առաջիկա 15 օրվա ընթացքում դրա մթերումը կավարտվի»։ ԲՀԿ-ական պատգամավորը հակադարձեց, թե հիմնականում համաձայն չէ ասված մտքերի հետ։ «Արտադրողն ինքն է արտադրում, մթերողն ինքն է մթերում։ Ես այստեղ գյուղնախարարության դերը չհասկացա...»։ «Եթե մինչև այսօր գյուղատնտեսության նախարարության դերը չեք հասկացել, դա ձեր իրավունքն է։ Եթե այդքան մտահոգված եք մթերումներով, կհորդորեմ ձեզ լինեք այն մարզերում, որտեղ ընտրողներ ունեք, և նրանց շրջապատում օգնեք մեզ, որ կազմակերպենք աշխատանքները։ Միայն ամբիոնից խոսելը քիչ է։ Դուք պոպուլիզմով եք զբաղվում»,-ասաց պարոն Կարապետյանը։