Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն կքննարկի նախ Էլինար Վարդանյանին կուսակցությունից հեռացնելու հարցը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bc7b16a9d2895442882b882ce34a53f1

ԲՀԿ խմբակցությունն այսօր փոփոխություններ է կատարել միջազգային պատվիրակությունների կազմում. Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը դուրս են մնացել միջազգային պատվիրակության կազմից: ԲՀԿ-ն հաստատ անտարբեր չի մնա իր կուսակցության անդամ Էլինար Վարդանյանի կուսակցական կարգապահությունից թերանալու հանդեպ՝ ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը «Ա1+»-ի հետ զրույցում. «Կա տրամաբանություն, ողջամտություն, թիմային աշխատանք եւ քաղաքական թիմ։ Եթե քաղաքական թիմի անդամը ինքն ա կամավոր իրան դուրս դնում քաղաքական... Եթե հակառակը, ուզում ա տանի, պետք ա քննարկենք»։ Միքայել Մելքումյանը վստահեցնում է, որ Էլինար Վարդանյանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելը ոչ մի կապ չունի նոր Սահմանադրության նախագծին դեմ լինելու հետ, շատերն են խմբակցությունից դեմ. «Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանն իրենց կարծիքը հայտնել են, ես չեմ ուզում քննարկեմ»։ Էլինար Վարդանյանն արդեն տեղյակ է, որ իր կուսակցական անհնազանդությունը դարձել է մամուլի քննարկման թեմա։ Գուցե ի՞նքը դուրս գա ԲՀԿ-ից, քան իրեն հեռացնեն Մեզ հետ զրույցում նա ասում է. «Ես էդպիսի որոշում էս պահին չունեմ»։ ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանը լրատվամիջոցներին ասել է, որ կուսակցությունը կքննարկի տիկին Վարդանյանին կուսակցությունից եւ միջազգային բազմաթիվ պատվիրակություններից հեռացնելու հարցը. «Ինձ համար առավելագույնս զարմանալի էր եւ իմ կարծիքով շատ ոչ ճիշտ մշակույթ է, երբ իմ անձի հետ կապված հարցը քննարկվում է իմ բացակայությամբ առանց ինձ տեղյակ պահելու, որ նման հարց է քննարկվում»։ Էլինար Վարդանյանն առաջին անգամ է լսում, որ որպես ԲՀԿ-ական անդամակցելով միջազգային կառույցներին՝ ինքը պետք է ներկայացներ ԲՀԿ-ի շահերը. «Ես միշտ մտածել եմ, որ միջազգային կառույցում ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության շահերը եւ ոչ թե որեւէ կուսակցության»։ Ի դեպ ինքը խուսափում է ասել, որ իր հանդեպ կուսակցության նյարդայնությունը կապված է նոր Սահմանադրության նախագծի հանդեպ իր կտրուկ բացասական դիրքորոշման հետ. «Այդ հարցի վերաբերյալ մեկնաբանությունը ես չէ, որ պետք է տամ»։