Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 տոննա խաղողը թափել է ճանապարհին

Տնտեսություն
EQ5RxXzGDYxRNixIFxLrNuM9Xu

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչ Անդրանիկ Մովսիսյանն այսօր իր մշակած 7 տոննա խաղողը թափել է ճանապարհին։ Այն այլեւս մթերման համար պիտանի չէ։ «Հոկտեմբերի 1-ին կազմակերպել էի բերքահավաքը, տարել Քաղցրաշենի գինու գործարան եւ հերթ կանգնել։ Մինչեւ ամսի 5-ը հերթ էր, մի օր գինու գործարանը չաշխատեց։ Ուրիշ գյուղերից բերեցին, մեր գյուղը մնաց։ Աշխատողները ասում էին իմ բարեկամն է, իմ գյուղացին է իմն ու քոնն էին անում, մենք էլ սպասում էինք հերթը չէր հասնում մեզ»,- «Ա1+»-ին պատմեց իր աշխատանքի արդյունքը չտեսած Անդրանիկ Մովսիսյանը։ Նրա խոսքերով՝ խաղողը շատ լավ որակ է ունեցել՝ պարզապես տեղացած անձրեւները եւ հերթ կանգնելը փչացրել են բերքը։ «Մթերման ժամանակ ասեցին թթվել է, մեքենան հանի դուրս։ Ասեցի գոնե 50 դրամով վերցրեք 7 տոննան տանեմ ինչ անեմ, ասեց 10 դրամ էլ չեմ տա հանի դուրս»,- պատմում է խաղողագործը։ Նրա խոսքերով՝ մեկ ամիս հետո պետք է մեծ քանակությամբ վարկ փակի եւ միակ հույսը խաղողն էր։ Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նման տեղեկատվության չէր տիրապետում. «Մեր ներկայացուցիչները մարզերում են եւ ահազանգը կփոխանցեմ իրենց»,- նշեց փոխնախարարը։