Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ1-ը կխորացնի հոգեւոր դաստիարակությունը եթերում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tv

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվությունը: Հաշվետվությունը ներկայացրեց խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Նա հայտարարեց, որ ծրագրային նոր քաղաքականություն են սկսել` ընդլայնելով սոցիալ-մշակութային, կրթական ծրագրերը, հայրենական արտադրության ֆիլմերի արտադրությունը: Արտահերթ հարցադրումով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նախ նշեց, որ մեկ-երկու տարվա ընթացքում տեսել է դրական դինամիկա. «Սակայն հարց եմ ուղղում ոչ որպես ԱԺ փոխնախագահ, այլ որպես ՀՀ քաղաքացի ու որպես Հայ Առաքելական եկեղեցու զավակ: Կարծում եմ` հոգեւոր դաստիարակությունը ոչ միայն դպրոցների խնդիրն է, այլ նաեւ Հանրային հեռուստատեսության: Մենք գոհ ենք, որ կա «Շողակաթ» ՀԸ, որը Մայր Աթոռի շնորհիվ իրականացնում է այդ կրթությունը, սակայն այն չունի հեռարձակման այն տարածությունը, որ ունի Հ1-ը: Հնարավո՞ր է արդյոք 2016թ. ընդգրկել նման հաղորդումներ, որտեղ մեր հոգեւոր հայրերը կներկայացնեն մեր եկեղեցու պատմությունը, նաեւ` այլ երկրների պատմությունը»: Ռուբեն Ջաղինյանը վստահեցրեց, որ, այո, նման հնարավորություն կա. «Մենք պատրաստում ենք նման ծրագրերի մի քանի ցանկ: Ուղղակի, երբ մենք հեռարձակվում ենք հանրապետությունից դուրս, կան երկրներ, որտեղ արդեն կան նման հաղորդումներ: Կփորձենք, մտածենք` ինչ ծրագիր եթերում լինի»: Էդուարդ Շարմազանովը նաեւ ավելացրեց, որ դա կարեւոր է աղանդների դեմ պայքարի հարցում. «Նման հաղորդումներն առավել կարեւոր են հենց մեր լսարանին ու ՀՀ քաղաքացիներին. 70-ամյա խավարի մեջ ենք ապրել, երբ եկեղեցուն ձեւական տեղ է տրվել»: Առաջին անգամ հարցով հանդես եկավ ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը, որը մոտ մեկ ամիս է` ինչ պատգամավոր է: Նա հետաքրքրվեց` աչքի առաջ ունենալով եվրոպական փորձը, կրթական, մանկապատանեկան հաղորդումներում ու ֆիլմերում հաշվի առնվո՞ւմ են հարակից մասնագիտությունների տեր մարդկանց դերը, կա՞ն կոնսուլտացիաներ նրանց հետ. «Ասենք` նույն հոգեբանների հետ կա՞ն խորհրդակցություններ, որ իրենք ասեն` սա կբերի սթրեսի կամ կրթական ցենզի ավելացման: Արդյոք այդ համագործակցությունը ստանո՞ւմ է ինստիտուցիոնալ բնույթ»: Ռուբեն Ջաղինյանը վստահեցրեց, որ փորձում են իրենց շուրջ հավաքել մասնագետներին, որոնք տիրապետում են դաշտին ու վերջնական կազմել ծրագիրը: