Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ փոխնախագահը Հրանտ Բագրատյանին չպատասխանեց (տեսանյութ)

Տնտեսություն
283cef29a8d0b46eb8ea3fcf745ee760

Իր եզրափակիչ ելույթում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը այսօր ԱԺ-ում, ներկայացնելով իրենց 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, փորձեց անդրադառնալ հնչած քննադատություններին: Նրան ուղղված հիմնական դիտողություններն արել էր ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, սակայն պարոն Երիցյանը որեւէ խոսք չասաց այդ մասին: Փոխարենը նա խոսեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթի մասին, որի ժամանակ պատգամավորը հայտարարել էր, թե ԿԲ-ն արհեստականորեն զսպում է դրամի անկումը: «Պարոն Զուրաբյան, շուտով բոլորը կհամոզվեն, որ դուք սխալ եք ասում, սուտ եք ասում ու ապակողմնորոշում եք ժողովրդին. որեւէ արհեստական զսպում չկա ու փոխարժեքի որեւէ շեղում չկա իր ուղեծրից: Վստահեցնում եմ` երկրում մենք ունենք երաշխավորված փոխարժեքներ: Իսկ տնտեսական աճը 2015թ. մեր կանխատեսմամբ 4 +-1,5 տոկոս է լինելու»: Պարոն Երիցյանը անդրադարձավ նաեւ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե մարդիկ վարկերի տակ են ու երկիրն էլ վերածել են լոմբարդի: «Մենք երկիրը լոմբարդի չենք վերածել: Եթե մեր բոլոր քաղաքացիները վարկային բեռի տակ լինեին, դա կնշանակեր, որ զարգացած երկիր ենք, մինչդեռ մեր քաղաքացիները վարկ վերցնելիս գոհ են լինում: Մի բան էլ եմ ուզում ասել` մեր քաղաքացիները վարկ վերցնելիս պետք է գիտակցեն, որ գումար են վերցնում ի հաշվի մեկ այլ քաղաքացու խնայողության»: Վերջում նա հայտարարեց, որ ժամանակն է` վստահենք միմյանց. «Հույս ունենք, որ ԿԲ վերջին տարիների աշխատանքը այդ վստահությունը ձեւավորել են ու հնչող ոչ բարենպաստ հայտարարություններն էլ չեն ազդի վստահության վրա»: ԿԲ 2015թ. ծրագրի քննարկումն ավարտվեց: Ըստ կանոնակարգի` քվեարկություն չի լինելու. ԱԺ-ն այն ընդամենն ընդունեց ի գիտություն: