Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հինգ տասնյակից ավելի փաստաբաններ հորդորում են «Ոչ» ասել նոր Սահմանադրությանը (տեսանյութ)

Հասարակություն
pastaban-nkar2

Հինգ տասնյակից ավելի փաստաբաններ ընդգրկող խումբն ամիսներ շարունակ ուսումնասիրելով Սահմանադրության նոր նախագիծը՝ եզրահանգել է, որ պետք է «Ո՛չ» ասել: «Հայաստանին անհրաժեշտ չէ նոր Սահմանադրություն: Անհրաժեշտության բացակայությունը հիմնավորվում է նաև նրանով, որ չի գործում այժմ գործողության մեջ գտնվող Սահմանադրությունը: Նորի ընդունումը բացարձակապես անհասկանալի է»,- ասում է փաստաբան Գևորգ Գյոզալյանը: Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ հատկապես վտանգավոր է կառավարման համակարգի փոփոխությունը. «Մեր երկրի համար սա հատկապես վտանգավոր կարող է լինել: Բոլորիս է հայտնի, որ մեր երկրում կայացած չէ կուսակցական համակարգը, կուսակցությունները կախված են մեկ մարդուց, այս պայմաններում նրանց վստահել երկրի կառավարման ղեկը, մենք գտնում ենք, որ սխալ է»: Ըստ նրա՝ Սահմանադրության փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը թույլ է տվել կոպտագույն սխալ. «Հիշում ենք, որ Սերժ Սարգսյանը Հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պետք է իրականացվեն փոփոխություններ գործող Սահմանադրությունում, սակայն իրականում տեղի ունեցավ նոր Սահմանադրության նախագծի մշակում: Սա նշանակում է, որ Հանձնաժողովը դուրս է եկել իրեն տրված գործառույթների շրջանակից»: Նրա համոզմամբ՝ վտանգավոր է նաև Դատավորների նշանակման սահմանվող կարգը. «Սրանով մեր արդարադատությունն ու իրավական համակարգը փոխանցում ենք մեկ կուսակցության, այս դեպքում գոնե իշխանության մի քանի ճյուղեր են մասնակցում դատավորների նշանակմանը»: Լուսինե Սահակյանի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագծում բազմաթիվ են դեպքերը, երբ մարդու իրավունքների հարցում գրանցվում է հետընթաց՝ գործողի համեմատ: Փաստաբանը հավելում է՝ իրենք այս փաստաթուղթը չեն պատրաստվում ներկայացնել իշխանություններին. «Մեր զրույցը ժողովրդի հետ է, նրան բացատրել, թե ինչ վտանգներ կան առաջարկվող Սահմանադրությունում»: