Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ էր կորել Իշխան Զաքարյանը. «Հետո կխոսենք այդ հարցից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Ishxan-Zaqaryan

Այսօր Երևանում կայացավ ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 15-րդ նստաշրջանը՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի նախագահությամբ։ Մասնակցում էին ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի և Տաջիկստանի վերահսկիչ մարմինների ներկայացուցիչներ։ Քննարկման հիմնական թեման պետական աուդիտն էր։ Այլ կերպ ասած՝ որքանո՞վ են արդյունավետ ծախսվում պետական միջոցները։ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ՝ թեման այս անգամ շատ հետաքրքիր է։ Ոչ միայն մեր երկիրը, ես կասեի՝ ամբողջ աշխարհում հիմա շատ կարևոր է՝ արդյո՞ք պետական միջոցներն արդյունավետ են ծախսվում, թե՞ ոչ։ Ավելի շատ խոսում ենք արդյունավետության, քան մնացած այլ խնդիրների մասին։ ԱՊՀ երկրների շրջանակներում բոլոր երկրներում էլ այս խնդիրը կա. արդյո՞ք ճիշտ են կազմվում ծրագրերը, արդյո՞ք ճիշտ են ֆինանսավորվում, արդյո՞ք ֆինանսավորումից հետո տվյալ ծրագրի ավարտին մենք ստանում ենք արդյունավետ վերջաբան»։ Հարցին, թե ինչո՞ւ էին անընդհատ ասում, որ Վերահսկիչ պալատի նախագահը կորել է, չի ներկայանում Ազգային ժողով, պարոն Զաքարյանը հապշտապ միայն ասաց. «Հետո կխոսենք այդ հարցից»։ Նշենք, որ նիստի ընթացքում Մոլդովայի վերահսկիչ պալատի նախագահ Սերաֆիմ Ուրեկյանն Իշխան Զաքարյանին փոխանցեց ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նախագահությունը։ Քննարկման ընթացքում ներկա բոլոր երկրների ներկայացուցիչները հանդես եկան զեկույցներով, որոնց վերաբերյալ կազմվելու են արձանագրություններ։ Ի դեպ՝ գործիչները հաջորդ տարի հավաքվելու են Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։