Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թարմ մեդալակիր Վալերի Օսիպովը երեկ հրապարակավ սուտ է խոսել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
dffsuuGJ5QY

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն Ազգային ժողովում այսօր հայտնեց, որ երեկվանից ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրամանով՝ պատգամավորներն իրավունք չունեն հարցազրույց տալու որևէ լրատվամիջոցի, քանի դեռ ինքը ստորագրություն չի տվել։ «Սա տոտալ վերահսկողության խնդիր է։ Գալուստ Սահակյանն ինձ իրավունք չի տալու, որ մարդ հրավիրեմ և հարցազրույց տամ։ Դրա համար չորս հոգի պետք է ստորագրություն տա՝ Գալուստ Սահակյանը, աշխատակազմի ղեկավարը, Լրատվության բաժնի պետը, Անվտանգության բաժնի պետը»։ Անդրադառնալով երեկ ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած «Ոչ»-ի հավաքից, նա նշեց. «Եղել է անհամաչափ ուժի կիրառում։ 21 քաղաքացի ապօրինի և զավեշտալի ձևով բերման է ենթարկվել։ Ոստիկանները շատ բռի, շատ կոպիտ, ցինիկ, խուժանավարի ձևով ստիպում էին պոկել այն պաստառները, որոնց վրա ընդամենը գրված էր «Ոչ»։ Իրենք ուժ կիրառելով այդ պաստառները պոկում էին և թույլ չէին տալիս ցուցադրել անցորդներին»։ Պարոն Մանուկյանը խոսեց նաև իր հետ կատարված միջադեպից, երբ ոստիկանները բռնել էին իրեն և ուզում էին բերման ենթարկել։ «Այդ ընթացքում խախտվել է պատգամավորի՝ իմ անձեռնմխելիությունը։ Եվ ոստիկանության գնդապետ, թարմ մեդալակիր Վալերի Օսիպովը երեկ հրապարակավ սուտ է խոսել, ասելով, իբր ոստիկանները չեն ճանաչել ինձ։ Այն 4 կարմիր բերետավորները, որոնք քաշելով ինձ մեքենա տարան, հին աշխատողներ են, փորձված, և բոլորն ինձ ճանաչում են»,-շեշտեց պատգամավորը։