Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատն» ու «Լավաշը»՝ «ՀայՖեստ-13»-ում (տեսանյութ)

Հասարակություն
hayfest

«Շատ հյուրասեր, ընկերասեր, դրական, էներգիայով ժողովուրդ եք, ունեք հիանալի խոհանոց և ճարտարապետություն, իսկ ամենազարմանալին, թերևս, ձեր աշխատասիրությունն է, քանի որ ամեն երկրում չես տեսնի շաբաթ-կիրակի օրերն աշխատող մարդկանց».Սա Հայֆեստի մասնակիցների զգացողությունն է Հայաստանի ու հայերի մասին։ Իսկ Մոսկվայի Անկախ թատերական ընկերության տնօրեն Ալեքսեյ Բաղդասարովին խոսքերը չեն բավարարում՝ իր զգացողությունն արտահայտելու համար. «Ես սուբյեկտիվ եմ, քանի որ հայրս հայ է, ես էլ երրորդ անգամ եմ Հայաստանում և ամեն անգամ այստեղ եմ թողնում իմ սիրտը»։ «Առաջնահերթը զգացողությունն է , այլ ոչ թե տեսողականը։Սա է «Հայֆեստ»-ի սկզբունքային տարբերակումն այլ փառատոններից»,-ասում է շվեյցարացի պարուհի և դերասան Գաբրիելա Նեուհաուսը, ով մասնակցել է «Միհր» թատրոնի «Լավաշ» ներկայացմանը ։ Ջոյս Քինգի համար Հայաստանն առաջին արտերկիրն է, որտեղ հանդիսատեսին ծանոթացնում է իր «Լիսըն» պարային ներկայացմանը ։ «Չնայած իմ մեծ հուզմունքին՝ լայն ժպիտով նայում էի հանդիսատեսին։ Իմ ներկայացումն այն մասին է, որ պետք է լինենք ավելի ուշադիր մեր և շրջապատի հանդեպ, ավելի սիրենք միմյանց։ Ձեր հանդիսատեսից ես դրական էներգիա ստացա»։ Իտալացիները կողմ են մշակույթների մերձեցմանը։ «Արարատ» անվանումով համույթը իտալացի երաժիշտների խումբ է, որ այս փառատոնի համար գրել է Երևանյան շարանվագ, որի նպատակն է երգել Հայաստանի մասին, նրա պատմության, ապագայի մասին։ Մի ուրույն ճանապարհորդություն ժամանակի միջով։ «Հայֆեստ 13»-ը իր սկզբունքին հավատարիմ հյուրընկալել է ամենաբազմապիսի թատերական, պարային, էքսպերիմենտալ խմբերի։ Ո՞րն է այսօրյա տենդենցը։ Ըստ Ալեքսեյ Բաղդասարովի՝ սերը դեպի էքսպերիմենտը անխոս պրոգրեսիվ է, սակայն նկատվում է վերադարձ դեպի դասական բեմադրության ակունքներ, համենայն դեպս Ռուսաստանում։