Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեծամորը հիրավի սխրանք է, որը կատարվել է ձեր երկրում». անգլիացի գիտնական (տեսանյութ)

Մշակույթ
IMG_0848

«Մեծամորը հիրավի սխրանք է, որը կատարվել է ձեր երկրում». Սա անգլիացի գիտնական Այլսի խոսքեր են կես դար առաջ: «Ծանոթանալ Մեծամորին՝ նշանակում է տեղեկանալ մարդկության քաղաքակրթության հազարամյակների զարգացմանն ու մշակութային պատմությանը», - Սա արդեն կես դար անց Հայաստանում Լեհաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Եժի Նովակովսկու խոսքերն են: Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղից ոչ հեռու գտնվող Մեծամոր արգելոց-թանգարանը իրավամբ համաշխարհային մշակույթի յուրատեսակ հուշարձան է: Հնավայրի պեղումների 50 և արգելոց–թանգարանի ստեղծման 45-ամյակներին նվիրված «Մեծամոր. կեսդարյա պեղումների տարեգրություն» միջազգային գիտաժողովի հյուրերը թանգարանի համալրված ցուցադրության բացման առաջին ականատեսներն էին: Թանգարանի ֆոնդերում պահվող գտածոների քանակն այսօր արդեն անցնում է 28 հազարից: Հետախուզական պեղումները հնավայրում իրականացրել է պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը: 1963-ից ուսումնասիրություններ է սկսում կատարել երկրաբան Կորյուն Մկրտչյանը, և հայտնաբերելով պղնձաձուլական խարամ (շլակ) առաջ քաշում «լեռնամետաղաձուլական կենտրոնի» վարկածը: Նրա ղեկավարած արշավախմբի պեղումների արդյունքում հաստատվեց, որ Մեծամորը բնակելի է եղել մ.թ. ա. 3-րդ հազարամյակի սկզբից և հանդիսացել մետաղաձուլական և մետաղամշակման հնագույն կենտրոն: Ի հայտ եկան վաղ բրոնզից մինչ ուշ միջնադարը թվագրվող մշակութային շերտեր: Բացվեց նաև յուրօրինակ իր ձևի մեջ եզակի համալիր ապառաժի վրա փորագրված երկնային լուսատուներով աստղադիտարան հանդիսացող դիտահարթակ: «Մեծամոր գնացել եմ պատահական, քանի որ շատ էի սիրում հնագիտությունը: Երբ գնացի այնտեղ, հնագետ Էմմա Խանզադյանը պեղում էր մ.թ.ա 1-ին հազ. սքանչելի Մեհյանը և բոլորը հետևում էին, թե ինչպես էին գետնի տակից դուրս գալիս մեհյանի 7 գլուխները: Ղեկավարը երկրաբան Կորյուն Մկրտչյանն ասաց՝ Վարդան, տար Էլմային Փոքր բլրի աստղերի նշանները ցույց տուր: Առաջինը ինձ զարմացրին աստիճանները` 7-ն էին: Երբ որ բարձրացա, զգացի, որ աստիճանները միջօրեականի հարթության մեջ են: Մեզ թվում է, որ ամենահավանական լուսատուն, որին դիտել և երկրպագել են Մեծամորի հնագույն բնակիչները՝ Սիրիուսն է»,- հիշում է աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը: 1970 թվականին Կորյուն Մկրտչյանի ջանքերով հիմնադրվեց Մեծամորի թանգարանը, որն այսօր կրում է նրա անունը: ՀՀ մշակույթի նախարարի հրամանով Կորյուն Մկրտչյանի որդիները՝ Հակոբ և Վահրամ Մկրտչյանները, որպես թանգարանի բարերարներ պարգևատրեցին Գրիգոր Նարեկացի մեդալով: Արդեն երրորդ տարին է՝ Մեծամորի հնավայրում պեղումներ է իրականացնում հայ-լեհական արշավախումբը: «Մեծամորը եզակի հուշարձան է ողջ մերձավոր արևելքի համար, ասում է արշավախմբի համաղեկավար Աշոտ Փիլիպոսյանը, և վստահ է, որ պեղվելիք նյութը ոչ թե մեկ, այլ մի քանի սերունդների ուսաումնասիրության առարկա կդառնա: Իսկ Մեծամորը կշարունակի տոնել պեղումների ոչ միայն 50, այլ 100 և ավելի ամյակները»: nkar 001