Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ կարելի է դիտել օպերայում հոկտեմբեր ամսին. խաղացանկ

image.php_

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2015 թվականի հոկտեմբեր ամիսը հարուստ է խաղացանկային ներկայացումներով: Հոկտեմբերի 7–ին կներկայացվի Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան, որը այս թատերաշրջանի պրեմիերա է և արդեն մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից: Գլխավոր դերերում հանդես կգան Ինգա Կարապետյանցը /Կարմեն/, Հովհաննես Այվազյանը /Խոսե/, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը /Էսկամիլիո/, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Բադալյանը /Միկայելա/, Արծվիկ Դեմուրչյանը /Ֆրասկիտա/: Ներկայացման բեմադրիչն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը: Խաչատրյանական «Գայանե»-ն Հայաստանի գլխավոր թատրոնի բեմում կլինի հոկտեմբերի 9-ին: Գլխավոր դերերում հանդես կգան Սևակ Ավետիսյանը /Արմեն/, Սյուզաննա Փիրումյանը /Գայանե/, ՀՀ վաստ. արտիստ Ժակլին Սարխոշյանը /Նունե/, Վահագն Մարգարյանը /Կարեն/, ՀՀ վաստ. արտիստ Զավեն Հարությունյանը /Գիքո/: Բեմադրությունը՝ ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանի, նկարիչ՝ ՀՀ վաստ. նկարիչ Մինաս Ավետիսյան, զգեստների նկարիչ՝ Ռուբինա Հովհաննիսյան: Տ. Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան ընթացիկ թատերաշրջանում առաջին անգամ կներկայացվի հոկտեմբերի 15–ին: Ներկայացման բեմադրիչն է Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի հոկտեմբերի 17–ին: Գլխավոր դերերում հանդես կգան Ռուբեն Մուրադյանը /Սպարտակ/, ՀՀ վաստ. արտիստ Ժակլին Սարխոշյանը /Ֆրիգիա/, ՀՀ վաստ. արտիստ Մարիա Դիվանյանը /Էգինա/, Գրիգոր Գրիգորյանը /Կրասոս/, ՀՀ վաստ. արտիստ Զավեն Հարությունյանը /Գլադիատոր/: Ներկայացման բեմադրիչն է ԽՍՀՄ ժող. արտիստ Յուրի Գրիգորովիչը: «Սպարտակ»-ը գրվել է 1954 թվականին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բալետը բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։ Հոկտեմբերի 20–ին հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, որն արդեն 80 տարի է հանդիսանում է Հայաստանի գլխավոր թատրոնի հպարտությունը և հայկական ժողովրդական երաժշտական լեզվով գրված առաջին լիավարտ օպերան է: Հոկտեմբերի 22-ին հանդիսատեսը դարձյալ հնարավորություն կունենա վայելելու Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը: Հոկտեմբերի 24–ին կներկայացվի Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերան, իսկ երեկոյի երկրորդ մասում՝ Ժ. Սարխոշյանի «Երազ» բալետային ներկայացումը: Հոկտեմբեր ամիսը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կեզրափակվի Ջ. Վերդիի «Աիդա» օպերայով, բեմադրող ռեժիսոր՝ Մարիո Կորադի /Իտալիա/: «Աիդա» օպերայի առաջնախաղը կայացել է 1871 թ. դեկտեմբերի 24-ին Կահիրեում։ «Աիդան» Վերդիի լավագույն և սիրված ստեղծագործություններից մեկն է, ընդգրկված է աշխարհի խոշորագույն օպերային թատրոնների խաղացանկում։ Երևանի օպերային թատրոնում առաջին անգամ բեմադրվել է 1941 թ. (դիրիժոր – Մ.Թավրիզյան, բեմ.- Ա.Գուլակյան)։ Սիրով սպասում ենք Ձեզ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԱՏՐՈՆՈՒՄ՝ վայելելու բարձրարժեք մշակույթի լավագույն ստեղծագործությունները: Հարգանքով՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին