Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածնում տոնական միջոցառումներ կլինեն, սահմանամերձ Չորաթանն էլ ջուր կունենա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
vard

«Խաղողի այգիների ուղղությամբ են կրակում, բայց մենք հերոս ժողովուրդ ունենք. կարողացան անվնաս բերքը հավաքեն։ Բերքահավաքի ընթացքում մեկ մեքենա է վնասվել, մարդկային զոհ չունենք։ Չորաթանցիները միշտ լսում են այդ կրակոցները իրենց համար դա սովորական է»,-ասում է Տավուշի մարզի Չորաթան գյուղի գյուղապետը, ով չկարողացավ իր զարմանքը թաքցնել, երբ տեսավ, որ լրագրողներն այս անգամ իրենց գյուղ են եկել. «Հիմա նոր սկսել են հետաքրքրվել, թե այստեղ ինչ է կատարվում։ Նախկինում նման բան չկար»։ Այս գյուղում խնդիրները շատ են, բայց լուծումները՝ սահմանափակ. միջոցներ չկան. «Ի հիշատակ 5 զոհված ազատամարտիկների՝գյուղում հուշաղբյուր էի կառուցել, բայց գումարը չէր բավարարել, որպեսզի ջուր ունենայինք։ Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատակազմի կողմից հավաքված մեկ մլն դրամը կհատկացնենք ջրագիծ կառուցելու համար։ Ջրագիծը հասնելու է հուշաղբյուր ու 60 ընտանիք ջուր կունենան։ Մեզ համար սա մեծ գումար է, թեպետ գումարի մյուս մասը դեռ պետք է ճարենք»,-ասաց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը։ Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի ծառայության բաժնի պետ Վարդան Վարդանյանը դիմելով գյուղապետին՝ ասաց. « Իհարկե ընդամենը 1 մլն դրամ է, որը նյութականից ավելի՝ բարոյական նշանակություն ունի։ Եթե նյութականին նայենք, ապա դրա հարյուրապատիկն էլ տայինք՝ չէինք կարող փոխհատուցել այն, ինչ դուք եք անում մեզ համար։ Սահմանին ապրելը, սահմանին երեխա ունենալը, դաստիարակելը, սահմանին հող մշակելը հայրենասիրություն է ու դա փոխհատուցել որեւէ կերպ չի լինի»։ vardan Խոսելով բնակչության նվազման խնդիրներից՝ գյուղապետն ասաց, որ աշխատատեղերի խնդիր կա. «Հուսով եմ, որ կվերադառնան, քանի որ գործում է աշխատանքային ձեռնոցների գործարան եւ կստեղծվեն աշխատատեղեր»։ Նշենք, որ գյուղին հատկացված գումարը ամենեւին էլ չի խանգարելու հոկտեմբերի 8-ին Էջմիածին քաղաքի տոնի միջոցառումներն անցկացնելուն։ Սահմանամերձ գյուղին նվիրաբերած գումարը բյուջեից հանված չէ։ Այս մասին մեզ տեղեկացրին Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի ծառայության բաժնից։ Հիշեցնենք նաեւ, որ վերջերս մի խումբ քաղաքացիներ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկել էին Երեւանի տոնին նվիրված միջոցառումներին հատկացվող գումարը փոխանցել սահմանամերձ բնակավայրերին, որտեղ գումարի կարիք ավելի շատ կա։ Սակայն քաղաքապետը որոշել է՝ գումարը չի ծառայի այլ նպատակների համար եւ Երեւանում միջոցառումները տեղի կունենան։