Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրությունը պետք է դուրս գա փողոց՝ բոյկոտելով հանրաքվեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
voch-nkar

24-ամյա Հայաստանի Հանրապետությունում քվեարկություններն ու հանրաքվեները մշտապես տվել են իշխանությունների համար ցանկալի արդյունք: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասում է. «Ես չեմ կարծում, որ Հայաստանում ընտրությունների և հանրաքվեի միջոցով հնարավոր է իրադրությունը փոխել: Հանրությունը պետք է ակտիվ կերպով չմասնակցի հանրաքվեին և դուրս գա փողոցներն ու ստիպի, որպեսզի այն միջոցառումները, որոնք կոչվում են ընտրություն և հանրաքվե, տապալվեն»: Պարոն Դանիելյանի համոզմամբ՝ սահմանադրական իշխանությունները բարեփոխումների անվան տակ այլ բան են ուզում անել. «Նպատակն է՝ ստեղծել մի համակարգ, որի միջոցով շարունակել վերահսկել իշխանությունը, և այստեղ խնդիրը կոնկրետ անձի մասին է՝ Սերժ Սարգսյանը և իր նեղ շրջապատը»: Իսկ ինչո՞ւ տարիներ շարունակ տարբեր ընդդիմադիր առաջնորդների շուրջ համախմբված, սակայն հաղթանակի չհասած ժողովուրդն այս անգամ պետք է դուրս գա փողոց: «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը նշում է. «Այստեղ ամենամեծ առավելությունն այն է, որ «Ոչ»-ն է, թեկնածու չկա, բոլորն աշխատելու են այդ «Ոչ»-ի համար, ու բոլորն իրենց ռեսուրսները ներդնելու են ոչ-ի համար: Մյուս կողմի ամենամեծ թերությունն այն է, որ կապված է թեկնածուի հետ, դա Սերժ Սարգսյանն է, ու բոլորս գիտենք, թե ինչպիսի վերաբերմունք կա Սերժ Սարգսյանի հանդեպ»։ Սահմանադրության դեմ ակտիվ չպայքարող ուժերը ջո՞ւր են լցնում իշխանության ջրաղացին։ «Պետք է պայքարել ակտիվորեն, այլապես դա նույնն էր՝ 1988 թվականին մենք մարդկանց ասեինք գնացեք տուն, քանի որ ղարաբաղյան պատերազմում մենք բանակ չունենք, մենք պատրաստ չենք»: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համար ընդունելի չէ իշխանությունների համառ ցանկությունը՝ Սահմանադրության նոր նախագծում ամրագրել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման և կայուն մեծամասնություն ձևավորելու մասին դրույթները: «Արհեստական կայունությունն ավելի վտանգավոր կարող է լինել և ես շատ անհանգստանում եմ, որ այդ հոդվածը մեզ կտա ոչ թե պառլամենտական համակարգ, այլ պսևդոպառլամենտական համակարգ»,- նշում է նա: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ մատնացույց է անում նախագծում մարդու իրավունքների պաշտպանության անկատար մեխանիզմները։ «Իրապես մտահոգիչ է ոչ միայն մարդու իրավունքի խախտման փաստը, այլ խախտված իրավունքի վերականգման հնարավորությունը, խախտումների կանխարգելման հնարավորությունները, որոնք հիմնարար նշանակություն ունեն ցանկացած իրավական և սահմանադրական ակտում»: Արթուր Սաքունցի կարծիքով՝ իշխանությունների նկատմամբ քաղաքացիների անվստահությունն ավելի է խորանում, երբ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումներին չեն մասնակցում հրավիրված պետական պաշտոնյաները։