Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արջի հարձակում. երբ պետք է բաց թողնել «գայթակղիչ» լուրը

Հասարակություն
bear

Դժբախտ պատահարների, աղետների հետևանքով տուժած մարդկանց մասին գրելիս կան մանրամասներ, որոնք ոչ միայն կարելի է, այլ նաև՝ պե՛տք է բաց թողնել: Դրանք կարող են լինել տվյալներ, որոնք ոչ միայն պարզապես ա՛յդ դեպքի, այլ ընդհանրապես արծարծվող հիմնախնդրի լուսաբանման տեսանկյունից արժեք չեն ներկայացնում՝ ոչինչ չեն ավելացնում ինֆորմացիոն իմաստով, խնդրի լուծման տեսակետից և ավելորդ բեռ, նույնիսկ բալաստ են լուրի վրա: Սակայն ունեն մի խիստ խաբուսիկ «գայթակղիչ» կողմ. դրանք գրավում են ընթերցողի ուշադրությունը և հագուրդ տալիս նրա հետաքրքրասիրությանը: Այդ ընթացքում արհամարհվում է պատմության հերոսի մասնավոր կյանքի իրավունքը, իսկ լրագրողական էթիկան նոր անկումներ է  գրանցում: Հայաստանյան լրահոսում սահմանային լարվածության և արտաքին քաղաքական զարգացումների և դրանց՝ երբեմն անպատշաճ լուսաբանումների կողքին անցյալ շաբաթ իր համեստ տեղն էր զբաղեցրել…. մի արջ: Եվ որպեսզի այդ համեստ տեղից նրան ավելի «պատվավոր» տեղ բերեն, լրագրողներն օգտագործում են «արգելված հնարքներ»: Կարելի է համեմատել նույն իրադարձության մասին մի քանի հրապարակումներ: «Արջը հարձակվել է բնակչի վրա» Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.07-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի «Հոստուն» կոչվող տարածքում արջը հարձակվել է գյուղի բնակիչ` 1959 թ. ծնված Ս. Ա.-ի վրա: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Դեպքի վայրում է գտնվել նաև մարզպետը: Տուժածը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»: Եթե այս լուրից հանենք մարզպետին (համաձայնեք, բացի նրա կերպարին որոշ հերոսականություն հաղորդելուց, այս դետալն այլ առաքելություն չունի), կստացվի քիչ թե շատ ինֆորմատիվ (ճիշտ է՝ առանց աղբյուրի և «ահազանգի» անհայտ հասցեատիրոջով) տեքստ, չհաշված՝ լայն զանգվածներին գրեթե անծանոթ «ՄՃԿԿ ՕԽ»-ն: Ի դեպ, այս լուրը գրեթե նույնությամբ ներկայացվել է շատ այլ լրատվամիջոցներում, որոնցից մի քանիսը հղում են կատարել Արտակարգ իրավիճակների նախարարության կայքին: Մի քանի լրատվամիջոց տեղեկության վերջում պահպանել են նաև ԱԻՆ պաշտոնական կայքի հաղորդագրության վերջին տողը՝ «Տեղազննման արդյունքում արջը չի հայտնաբերվել»: Այս տողը վերոնշյալ չեզոք շարադրման համատեքստում գույներն այնքան էլ չի խտացնում, թերևս միայն տեղեկացնում է՝ զգուշացնելու զգուշավոր տոնով: Իսկ նույն իմաստով՝ սակայն այլ շարադրանքով տողերը, հայտնվելով այս իրադարձության մասին մեկ այլ հրապարակման մեջ, արդեն այլ կերպ են հնչում: Բայց այս հրապարակման մասին՝ առանձին: Լրատվամիջոցը նախ վերնագրով է խուճապի մատնում՝ տեղեկացնելով, որ գյուղում արտակարգ դրություն է, քանի որ արջը դեռևս  չի գտնվել: Իսկ հետո՝ անմիջապես, առաջին իսկ նախադասության մեջ հայտնում է «ամենակարևոր» տեղեկությունը՝ թե կոնկրետ մարմնի որ հատվածում է վնասվածքներ ստացել կոնկրետ քանի տարեկան կոնկրետ անուն-ազգանունով մարդը: Այսինքն, նշված են ոչ այնքան կոռեկտ մանրամասնությամբ՝ մարմնի մասը, տարիքը, անուն-ազգանունը: Վերջինով բացահայտվում է, բնականաբար, նաև սեռը, տվյալ դեպքում՝ իգական, ինչը մարմնի մասը նշելու հետ միանգամայն  անհարկի հետաքրքասիրություն կարող է առաջացնել լսարանի մոտ: Թերևս հենց այդ նպատակով էլ բերվում են այս մանրամասները: Դրանից հետո բերվում են նաև այլ մանրամասներ՝ տուժածի մասին բժշկի հայտնած տեղեկությունները, որոնք հոգեբանական վիճակին են վերաբերում: Ծավալով սա գերազանցում է բուն տեղեկությանը. այն է՝ արջը մարդու վրա է հարձակվել: Իսկ  ահա «լուրի» ավարտը՝ թերևս ամենաթրիլերաշունչ հատվածը. «Հիմա ողջ գյուղով մեկ արջին ենք ման գալիս, չկա ու չկա »,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ գյուղում արատակարգ դրություն է հայտարարված՝ երեխաներին ու կանանց տանից դուրս գալը արգելված է»: Այս հրապարակման թերևս միակ արժանիքը դրա «էքսկլյուզիվ» լինելն է, քանի որ տեղեկությունների աղբյուրը ԱԻՆ-ը չէ, բայց դրանից նյութը միայն տուժել է: Իսկ դրա ակտիվ հղումն այստեղ չի ներկայացվում՝ չթարմացնելու համար, հուսանք, այլևս հանդարտված խուճապն ու տագնապն այդ  գյուղում, ինչպես նաև չտիրաժավորելու՝ անձի կյանքի անհարկի մանրամասները՝ նրան հետագայում խոսակցությունների թիրախ չդարձնելու համար: Ինչը, լավ կլիներ, աներ նաև լրատվամիջոցը: Հ.Գ. Սպիտակ արջի նկարն այս նյութին համահունչ է ճիշտ այնքան, որքան՝ բերված մանրամասները՝ լրագրողական էթիկայի հետ: Երևանի մամուլի ակումբի ամփոփագրից