Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենդանիներին վատ չեն վերաբերվում. կրկեսի տնօրենը հերքում է (տեսանյութ)

Հասարակություն
Shapito

Սանկտ-Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսի ելույթները մեր երկրում երկարաձգվում են ևս 30 ներկայացումով։ «27 սեանս է արդեն տրվել։ Հոկտեմբերի 4-ին պետք է ավարտվեր ծրագիրը, բայց քանի որ ժողովուրդը շատ սիրեց, որոշեցինք երկարացնել»,-նշեց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։ «Հաճելիորեն զարմացած ենք հանդիսատեսի ընդունելությունից։ Մենք զգում ենք նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությունը»,-ասաց «Իմպերիալ» շապիտո-կրկեսի տնօրեն Ռուսլան Միշինը։ «Ա1+»-ի հարցին, թե խոսակցություններ կան, որ իրենց կրկեսում վատ են վերաբերվում կենդանիներին, ի՞նչ կասեն այդ կապակցությամբ, պարոն Միշինը նշեց. «Մարդիկ կան, որ գնում են կրկես այն մտայնությամբ, թե այնտեղ կենդանիները ստրկության մեջ են։ Կրկեսում մարդկանց էլ կարող են վատ վերաբերվել. կա խստություն, կա դաժանություն։ Եթե մարդը տեսնում է խստություն և կարծում, թե դա վատ վերաբերմունք է, դա իր իրավունքն է։ Մի բան կարող եմ ասել՝ մեզ համար կենդանիները հավասարազոր դերասաններ են, ինչպես ասենք օդային ակրոբատը։ Միայն բարձր խոսել կարող է լինել՝ հրահանգներ տալուց։ Սա ձայնագրության ներքո երգել չի, այլ կարևոր աշխատանք է»։ Կրկեսի կենդանավարժ Անատոլի Կովալյովն իր հերթին շեշտեց, որ նման բան չի կարող լինել։ «Եթե առյուծին ստիպես ինչ-որ բան անել, վատ վերաբերվես, նա ոչ մի հրահանգ չի կատարի։ Դրանք հպարտ, գեղեցիկ կենդանիներ են»։ Իսկ այն հարցին, թե բողոքներ կան, որ տարածքից, որտեղ կենդանիներն են պահվում, տհաճ հոտ է գալիս, «Իմպերիալ»-ի տնօրենը նշեց. «Իհարկե, բոլոր կրկեսների կենդանիների մոտ էլ կա վառ արտահայտված հոտ։ Մեզ մոտ ասում են՝ կրկեսն է բուրում, ոչ թե կենդանիներն են բուրում»։ Նրանց մաքրությանը հետևում ենք, բայց ցանկանանք, թե ոչ, այդ հոտը գալիս է»։ Հիշեցնենք, որ այս ընթացքում մանկատներից մոտ 400 երեխա է մասնակցել «Իմպերիալ» շապիտո-կրկեսի ներկայացումներին, որոնց համար այն անվճար է եղել։ Իսկ տոմսերի արժեքը 2000-7000 դրամ է։ Արդյո՞ք հաջորդ տարի էլ Սանկտ-Պետերբուրգի այս կրկեսը կայցելի մեր երկիր, դեռ չեն պլանավորել, սակայն ցանկություն կա։ Ի դեպ, այժմ շատերին է հետաքրքրում, թե երբ վերջապես պատրաստ կլինի մեր երևանյան կրկեսի շենքը։ «Ա1+»-ի այս հարցին ի պատասխան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը նշեց. «Իհարկե, մենք նախատեսել էինք միայն որոշ ամրացման աշխատանքներ կատարել, բայց հետո որոշեցինք, որ ամբողջ շենքը պետք է հիմքից նորից կառուցել։ Մեր ժողովուրդը թող մի քիչ էլ սպասի։ Կարծում եմ՝ մինչև մյուս տարվա վերջ մենք կունենանք մոդեռնիզացված կրկեսի շենք»։