Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն «այո»-ի որոշումը միանգամից չի կայացրել (տեսանյութ)

Քաղաքականություն
vahan-babayan

ԲՀԿ-ն «Այո» կասի Սահմանադրական փոփոխություններին։ Այսօր կուսակցության դիրքորոշումը հայտնեց ԲՀԿ մաւմուլի խոսնակ Վահան Բաբայանը. «Այնպես չէ, որ մենք միանգամից ենք որոշել «այո» ասել: Դեմ լինելու կամ չսատարելու որևէ փաստարկ չկա, մենք բազմաթիվ քննարկումների ենք մասնակցել, և բոլոր դրույթները, որոնք վերաբերում են պետության կառավարմանը, որոնք եղել են ԲՀԿ-ի ծրագրային դրույթներից մեկը, տեսանք, որ իշխանությունը գնաց այն քայլին, որ այսուհետ Ազգային ժողովը կձևավորվի միայն մեծամասնական կարգով»,- ասաց Վահան Բաբայանը։ «Ա1+»-ի հարցին, թե ԲՀԿ-ն այլեւս չունի խնդրահարույց հարց սահմանադրական փոփոխությունների փաթեթում, ամեն ինչ իդեալակա՞ն է, պարոն Բաբայանը պատասխանեց. «Աշխարհում իդեալական սահմանադրություններ չկան, իդեալական չէ նույնիսկ ԱՄՆ սահմանադրությունը: Մայր օրենքը մի բան է, որից հետո բխելու են տարբեր օրենսդրական փոփոխություններ խորհրդարանում: ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ այնպիսի օրենքներ ընդունելի դարձնի, որպեսզի հասարակությունն իր մաշկի վրա զգա այդ փոփոխությունների կարևորությունը և անհրաժեշտությունը»։ Վահան Բաբայանը նշեց նաեւ, որ քննարկումների ժամանակ բազմաթիվ կարծիքներ են հնչել, սակայն մեծամասնության որոշումը կողմ քվեարկելն էր։ Այն դիտարկմանը, որ ԲՀԿ-ական Հայկ Խաչատրյանը հայտարարել էր, որ դեմ է Սահմանադրական փոփոխություններին ու ամեն ինչ անելու է, որ տապալի հանրաքվեն, Վահան Բաբայանը արձագանքեց. «Նա նման հայտարարություն է արել նախքան կուսակցության կողմից որոշում ընդունելը: Այս պահի դրությամբ կա կուսակցության որոշում՝ քվեարկել այո: Խմբակցության այն անդամները, ովքեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են, պարտավոր են իրականացնել կուսակցության վերադաս մարմնի որոշումները»,- հավելեց Բաբայանը։ Հարցին, իսկ ի՞նչ կլինի եթե չիրականացնեն կուսակցության որոշումը, ԱԺ ԲՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ես եթե-ներով հարցերին չեմ պատասխանում»։