Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են ծեծել ազատամարտիկին (տեսանյութ)

Քաղաքականություն
azat1

Երեւանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, դաժան ծեծի է ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, որը միջադեպից րոպեներ առաջ մասնակցում էր հակակառավարական երթին։ Անկախության 24-րդ տարեդարձի օրը մի խումբ քաղաքացիներ, Մատենադարանի մոտից հասել են մինչեւ ՀՀԿ գրասենյակ՝ պահանջելով վերադարձնել Հայաստանի ինքնիշխանությունը։ «Եկանք այն պահին, որ այս դարպասների մոտ նստած էր արյունլվիկ, դեմքը ընդհանրապես չէր երեւում։ Այնտեղ ականատես կար, հարցրել էր՝ ինչու եք հարվածում, ասում էին՝ օպերատիվ աշխատանք ենք իրականացնում։ Վկայական են ցույց տվել, մտցրել են ներս ու ծեծել։ Պատմելով ասում են, որ մոտեցել են, ասել են՝ Սմբո ջան, արի մտնենք խոսենք ու սկսել են հարվածել։ Ինձ թվում է՝ քարերով էլ են հարվածել, քարերի վրա էլ արյուն կար»,-պատմում է Վաղինակ Շուշանյանը։ Դեպքից հետո ոստիկանությունը բավականին ուշ է մոտեցել։ Մինչ այդ ակտիվիստները գտել էին ոստիկանության ուշադրությունը գրավելու տարբերակ. «Գիտենք, որ իրենք հայտնվում են այն ժամանակ, երբ փողոց ենք փակում, մենք էլ փողոցը փակեցինք»,-ասում է Վաղինակ Շուշանյանը։ Ազատամարտիկին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն. «Ես ինքս չեմ հասկանում՝ ինչ է տեղի ունեցել»,-ասում է ազատամարտիկը։ Նա վերակենդանացման բաժանմունքում է։ Վիճակը միջին ծանրության է։ «Առկա են քթի եւ դեմքի փակ հյուսվածքների սալջարդեր, կրծքավանդակի փակ վնասվածք, ութերորդ կողի կոտրվածք...»,-ասում է բժիշկը։ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծում է, որ  դեպքը կապված է Սմբատ Հակոբյանի քաղաքական գործունեության հետ. «Ինչ- որ մի ուժ կա, որը ուզում է ջնջել այդ ազատամարտիկ անունը, քանզի դեպքեր կան, որ այդ անունը խանգարում է որոշ մարդկանց գործունեություն ծավալել, բեսպրեդելը ծավալեն, ընտրությունները կեղծեն»։ Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը Արցախյան շարժմանը մասնակցել է առաջին իսկ օրերից: Եղել է Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր: