Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակումը տեղի է ունենալու հանրաքվեի օրը. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
c3d5291252b3c85c575c876129190529

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում Սիրելի հայրենակիցներ, Շուտով կտոնենք Հայաստանի Հանրապետության անկախության քսանչորսերորդ տարեդարձը: Մենք քսանչորսերորդ տարեդարձը տոնում ենք մեկ միլիոնից ավելի ՀՀ քաղաքացիների արտագաղթմամբ, շուրջ 5 միլիարդ դոլարով ծանրաբեռնված պարտքով ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև մտնում ենք այս փուլ բռնազավթված իշխանությամբ: Դեռ ավելին՝  բռնազավթված իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ցանկանում է երկարաձգել իր իշխանությունը ևս տարիներ, և դրա համար «Սահմանադրական բարեփոխումներ» ծխածածկույթի ներքո նախաձեռնել է հանրաքվե: Հանրաքվեի օրը Սերժ Սարգսյանը փորձելու է ապացուցել ՀՀ քաղաքացիներին, որ ինքն է Հայաստանի Հանրապետության միանձնյա տերը և իր խմբակն է շարունակելու բռնազավթված իշխանությունը պահել իր ձեռքում և կրկին հարստահարել մեզ, այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում չմնան ՀՀ քաղաքացիներ: Այդ իսկ պատճառով՝ մինչ նրա կողմից հանրաքվեի օրը նշանակելը՝ մենք՝ բոլորս, պետք է համախմբվենք և ցանցային ըմբոստության միջոցով պետք է ցույց տանք Սերժ Սարգսյանին, որ նրան չի հաջողվելու այս անգամ ևս բռնազավթել ՀՀ իշխանությունը: Դրա համար մենք ունենք վառ օրինակներ: Վառ օրինակներից են մեր ինքնապաշտպանության դեպքերը և փաստերը, որոնցից ամենավառ ապացույցը Սարդարապատն էր: Երբ չունեինք հստակ ընդգծված առաջնորդներ, բայց ունեինք հստակ կամք, որ պաշտպանում ենք մեր հայրենիքը, մեր հողը բռնազավթիչներից: Այսօր եկել է այդ պահը: Բոլորս դուրս ենք գալիս փողոց, բոլորս մեր բակերում, գյուղերում, քաղաքներում ստեղծում ենք ինքնապաշտպանական խմբեր և դուրս ենք գալիս՝ պաշտպանվելու բռնազավթիչների հարձակումներից: Հարձակումը տեղի է ունենալու հանրաքվեի օրը, բայց, մինչ այդ, մենք պետք է ցուցադրենք մեր անհնազանդությունը և ըմբոստությունը Սերժ Սարգսյանին, որպեսզի նա այդ պլանավորած հարձակումը չկարողանա իրագործել: Դրա համար կան բոլոր նպաստավոր պայմանները: Մենք ունենք հստակ քաղաքական հանրություն, որը պատրաստ է իր քաղաքական իրավունքների համար դուրս գալ փողոց և պաշտպանել իր քաղաքական իրավունքները: Բոլորս դեպի փողոց՝ պաշտպանելու մեր քաղաքական իրավունքը, լինելու քաղաքական ազգ և հնարավորություն ունենալու ընտրելու մեր ուզած անձանց՝ որպես ՀՀ քաղաքացիներ, որոնք պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը: Հետևաբար՝ բոլորս միահամուռ դուրս ենք գալիս փողոց:   ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն 20 սեպտեմբերի 2015թ.