Ռուբեն Հակոբյանը հիշեց. «Պոլի փեդ լինի, ՀՀՇ լինի» (տեսանյութ)
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու որոշում կայացրած պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այսօր Ազգային ժողովի իր ելույթում խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին։ Նա իր խոսքն առաջնահերթ ուղղեց նախկին իշխանավորներին։ «95 թվականին թիվ մեկ դավաճանությունը կեղծիքով ընտրված սահմանադրությունն էր։ Նրանք, ովքեր այդ հանցագործությունն արեցին, հիմա երկու գիծ են քաշել. սպիտակ գծից այն կողմ իրենք են, սևից այն կողմ՝ մյուսները։ Ինչո՞ւ ավանդույթ թողեցին, որ ամեն ընտրություն պետք է կեղծվի։ Սև ու սպիտակը, մեղմ ասած, քաղաքական դալտոնիզմ է»,-նշեց նա։ Պարոն Հակոբյանը վստահ է, որ նախկին իշխանության բացասական ավանդույթներն ամբողջությամբ շարունակում է ներկայիս իշխանությունը։ «Կարծում եմ՝ այս իշխանություններին պետք է ամեն օր ծափահարեք. լավագույնս ձեր հորդորները կատարում են։ Այն ժամանակ մի այսպիսի լոզունգ կար իշխանության մոտ. պոլի փեդ լինի, ՀՀՇ լինի»։ Պատգամավորի կարծիքով՝ իշխանության որևէ ներկայացուցիչ չի կարողանում պատշաճ կատարել իր աշխատանքը։ «Մի Արփինե Հովհաննիսյան եք նշանակել, մարդիկ զարմացել են. ասում են՝ ո՞նց, հնարավոր չէ։ Իհարկե, Արփինեին հաջողություն եմ մաղթում, եթե դա այս համակարգում հնարավոր է»։ Պարոն Հակոբյանը գոհ է, որ այս քննարկումը կազմակերպվեց. ժողովուրդը կհասկանա՝ ինչ է կատարվում։ «Եթե կարողանաք ճիշտ, ոչ հայկական ստանդարտներով ապահովել հանրաքվե, այդ ժամանակ իմացեք, որ դուք լուրջ ստորագրություն կունենանք»,-դրական նոտայով եզրափակեց իր ելույթը նա։