Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիլիջանի ֆորումին ՀՀԿ-ական լինելը հաշվի չի՞ առնվում (տեսանյութ)

Քաղաքականություն
forum-2

Հոկտեմբերի 8-14-ը Դիլիջանում կանցկացվի միջազգային ակադեմիական ֆորում։ Մասնակիցները շուրջ 30 եվրոպական երկրներից են։ Հայաստանցի մասնակիցները 40-ն են։ Ընդհանուր առմամբ, նրանք 16-28 տարեկան են։ «Ֆորումի ոչ պաշտոնական մասը հնարավորություն է տալու մասնակիցներին ներկայացնել իրենց, իսկ պաշտոնական մասում կոմիտեների աշխատանքն է լինելու։ Տարբեր թեմաներ են լինելու. քաղաքական, իրավական, տնտեսական, շրջակա միջավայր և այլն»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Եվրոպական երիտասարդական պառլամենտի մարդկային ռեսուրսների և շրջանավարտների հարցերով համակարգող, ֆորումի կազմակերպիչներից Եվա Կարապետյանը։ «Սա ոչ ֆորմալ կրթական ձևաչափ է։ Մի քանի խումբ է ձևավորվելու, որոնցում թեմատիկ քննարկումներ են անցկացվելու, այնուհետ հարց ու պատասխան է լինելու, փորձելու են իրար ճնշել»,-ասաց Եվրոպական երիտասարդական պառլամենտի տեղական միջոցառումների հարցերով համակարգող, ֆորումի կազմակերպիչներից Մինաս Շահինյանը։ Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ հայ մասնակիցների շարքում հիմնականում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են լինում, նա ժպիտով պատասխանեց. «Արդեն խեղդում եք մեզ։ Դիմումի մեջ չի նշվում, թե տվյալ անձը որ կուսակցությունից է կամ ինչ մաշկի գույն ունի։ Մեր ընտրողները փորձառու մարդիկ են, ընտրում են՝ հաշվի առնելով կրթությունը, կրեատիվությունը»։ Ֆորումին մասնակցության համար երիտասարդները նախապես դիմում են ներկայացրել։ Երիտասարդները նշել են նաև երգելու և պարելու ընդունակության մասին։ Ընտրությունը կատարել է 4 հոգանոց ժյուրին։ Միջոցառման ընթացքում ամեն երկիր ներկայացնելու է իր հագուստը, սնունդը և ընդհանրապես այն ամենն, ինչ կապված է մշակույթի հետ։ Թեև ֆորումը մեկնարկելու է հոկտեմբերի 8-ից, սակայն պաշտոնական բացումն ամսի 10-ին է լինելու։ Մասնակիցներն ամբողջ ընթացքում մնալու են Դիլիջանում։ Միջոցառման ավարտին նրանք վկայականներ կստանան։ Նախաձեռնության ծախսն ամբողջությամբ հոգում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը։