«Ես էլ եմ ուզում 14 տարի». քիչ անց կմեկնարկի Կյուրեղյանի գործով դատական նիստը
«Ազատություն Հայկ Կյուրեղյանին» վանկարկումներն այս պահին լսվում են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում։ Դատարանի դիմաց եւս ակցիա էր ընթանում, որտեղ մասնակիցների ձեռքին կային. «Ես էլ եմ ուզում 14 տարի» գրությամբ պաստառներ։ Նրանցից մեկի ձեռքին նույնիսկ խաղալիք ատրճանակ կար՝ ի ցույց այն բանի, որ Հայկ Կյուրեղյանի ձեռքի օդամղիչ ատրճանակը նույն դերն ուներ։ Րոպեներ անց կմեկնարկի այս գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ գործով մեղադրողը միջնորդել էր Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա զատազրկման՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն եւ խուլիգանություն կատարելու համար։ Դեռ դատական նիստը չսկսված՝ դատավոր Արմեն Բեկթաշյանը հինգ րոպեով հետաձգեց դատական նիստը, քանի որ դահլիճում ներկա գտնվողները հայտարարեցին, որ պահանջում են Հայկ Կյուրեղյանին։ Այս դատական նիստին նա կրկին չէր բերվել դատարան։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար Արմեն Բեկթաշյանը նրան 10 ժամով հեռացրել է նիստերի դահլիճից։ Շանթ Հարությունյանի գործով դատավարությունից առաջ` դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակած Հայկ Կյուրեղյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով հայտարարել էր . «Եթե իշխանությունը հրեշ է, արդյոք պարտք չէ նրա հեռացումը, ես դուրս եմ եկել հրեշի դեմ նրա արյունարբու արաքներից մեկի իրագործման պահին, երբ այն հաշվեհարդար էր տեսնում մեր 14 համաքաղաքացիների նկատմամբ, այդ իմ ակցիան եղել է հաշվեհարդար դատավարության դեմ, մարդակերության ակտ իրականացնող ոստիկանների դեմ։»