Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշան Պետրոսյանը վիրավորվում է Հանրայինի որոշ հաղորդումներից

Հասարակություն
tv

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկեց նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը: Քննարկմանը ներկա պատգամավորներին հիմնականում հետաքրքրում էր հեռուստաեթերում սերիալների ու գեղարվեստական ֆիլմերի ընտրությունը: ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը հետաքրքրվեց երկու հին ծրագրի ճակատագրով, որոնք երկար տարիներ է՝ պահպանվել են. «Նոր բան կարելի է, չէ, մտածել: Օրինակ՝ «Երաժշտական փոստարկղ», «Հայ ասպետ» ծրագրերը: Ինձ համար վիրավորական է, երբ այս հաղորդման ընթացքում երեխաները պատասխանները անգիր արած են գալիս, մինչդեռ նրանց պետք է տանել թանգարաններ, այլ մշակութային վայրեր: Նրանք ի սկզբանե ծնվում են որպես հայ մտավորական, նրանց պետք է թեմայից դուրս առաջադրանքներ տալ: Մի քիչ փոփոխեք էլի հաղորդման ձեւը»: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը նկատեց, որ անընդհատ հեռուստատեսությունը փոփոխվում է դեպի դրականը, եւ իրենք անընդհատ մի նոր բան են ուզում անել: Շուշան Պետրոսյանը միջամտեց նրան՝ ասելով. «Ինչ վերաբերում է «Երաժշտական փոստարկղ» հաղորդմանը, ինձ իսկապես այդ նամակները գալիս են, ես էլ եմ ստացել նամակներ, ու դա հատոր էր, ոչ թե նամակ»: Ռուբեն Ջաղինյանն իր հերթին ավելացրեց. «Մեշոկներով նամակներ ենք ստանում: Եթե մենք այս դարում դեռ մարդիկ ունենք, որոնք նամակ են գրում այնտեղից, որտեղ արդեն ինտերնետ կա ու խնդրում են՝ այս երգը գնա, ուրեմն արժանի է,  որ ծրագիրը մնա եթերում: Իսկ «Հայ ասպետ» հաղորդման ժամանակ երեխաները այնպես չէ, որ բոլոր հարցերի պատասխանները գիտեն. նրանք թեմայի շուրջ են կարդում ու գալիս, մասնակցում հաղորդմանը»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ նկատեց, որ կան հաղորդումներ, օրինակ «02» հաղորդումը, որ չպետք է աշխարհին ցույց տալ. «Մանավանդ որ իրականությունը չեք կարողանում ցույց տալ»: Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ելույթում նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունը իրականում ցույց չի տալիս ու չի ձեւավորում հանրային կարծիք. «ԵՄ ասոցացման, ԵՏՄ անդամակցման մասին եթերը լռեց, ներքաղաքական դաշտը լյումպենացվում է: Ասում եք՝ Սոլովյով չունենք, համապատասխան որակյալ լրագրողներ չունենք, որ նման հաղորդում վարեն, սակայն դուք հնարավորություն չեք տալիս հեռուստադիտողին, որ նա լսի եթերն ու ինքն իր կարծիքը ձեւավորի: Դուք ոչ միայն անաչառ, համակողմանի լրատվություն չեք ապահովել, այլեւ ապատեղեկացրել եք: Եթե փակել եք եթերը, հեռուստաբանավեճերն էլ սեւ-սպիտակի եք բաժանել, նորմալ բովանդակային խոսք չի լսվում, հասարակական կարծիքն ինչպե՞ս է ձեւավորվելու: Ձեր հրավիրած քաղաքական գործիչներից ով որ եթերային հիգիենան կխախտի, հասարակությունը կգնահատի դա: Հետո ինչի՞ց եք վախենում: էդ Սոլովյովները, ով գիտի, միգուցե ՀՀ-ում են սովորում, գնում ՌԴ: Մի ասեք, թե չեք կարողանում գտնել եթերային լավ մասնագետ: Այսօր նաեւ նոնսենս են կուսակցական հեռուստատեսությունները»: