Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լույս է տեսել Լեւոն Տեր-Պետրոսյանի նոր գիրքը՝ իր տեսակի մեջ արտասովոր. ilur.am

Քաղաքականություն
74681ca7daff8510bec959b397193094

Սանկտ-Պետերբուրգի «Իմա-Պրինտ» եւ Երեւանի «Անտարես» հրատարակչությունների համագործակցությամբ լույս է տեսել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայ-ասորական գրական կապերը IV–V դարերում. Դոկտորական ատենախոսության պաշտպանության նյութեր» ռուսերեն գիրքը, որը կազմել եւ հրատարակության է պատրաստել ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։ Այն նվիրված է ասորագետ-բյուզանդագետ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Նինա Պիգուլեւսկայայի (1894–1970) եւ հայագետ-պատմաբան, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի (1918–1982) հիշատակին, որոնց Լ. Տեր-Պետրոսյանը համարում է իր ուսուցիչները։

1441652053,6323

Դոկտորական ատենախոսությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտպանել է 1987թ. փետրվարի 26-ին Լենինգրադի պետական համալսարանի Д–063.57.38 Մասնագիտացված գիտական խորհրդի նիստում։ Խորհրդի նախագահ՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (հետագայում ԽՍՀՄ եւ Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս) Միխաիլ Բոգոլյուբով, պաշտոնական ընդդիմախոսներ՝ իրանագետ-գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Բոլդիրեւ, եբրայագետ-սեմագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Կլավդիա Ստարկովա, բյուզանդագետ-հայագետ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Յուզբաշյան։ Ինչպես նշված է կազմողի առաջաբանում, իր տեսակի մեջ արտասովոր այս գրքի հրատարակության անհրաժեշտությունը թելադրված է երկու կարեւոր հանգամանքով։ Նախ եւ առաջ, այն կոչված է թեկուզ մասամբ բավարարելու գիտական հասարակայնության, ավելի կոնկրետ, Քրիստոնյա Արեւելքի մշակութային ժառանգության հետազոտողների պահանջը՝ ծանոթանալու Տեր-Պետրոսյանի ատենախոսության արդյունքներին, որը դեռեւս 1987 թվականին վերոհիշյալ գիտխորհրդի կողմից հրատարակության հանձնարարված լինելով հանդերձ, պետական եւ քաղաքական գործերով հեղինակի զբաղվածության պատճառով, այդպես էլ, մինչ օրս մնում է անտիպ։ Եւ երկրորդ, պաշտոնական ընդդիմախոսների եւ մյուս նշանավոր արեւելագետների կարծիքներն ու գրախոսությունները, բացի իրենց ուղղակի գործառույթից, այն է՝ ատենախոսության գնահատականից, շոշափելով նաեւ պատմագիտական եւ մշակութաբանական բնույթի բազմաթիվ ընդհանուր խնդիրներ, ձեռք են բերում որոշակի ինքնուրույն արժեք, ինչի շնորհիվ հետաքրքրություն կարող են ներկայացնել ավելի լայն շրջանակի մասնագետների համար։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում