Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կամ դուք խաբեբա եք, կամ Վենետիկում կարդալ չգիտեն».Լ. Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon-Zurabyan1

Սահմանին եղած լարվածության վերաբերյալ խնդրին ԱԺ-ում այսօր Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ անցկացվող խորհրդարանական լսումներին Սերժ Սարգսյանի պաշտոնական ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը հայտարարեց. «Եթե մենք ունենայինք այնպիսի մի իրավիճակ, որ երկրի գլխավոր հրամանատարը չունենար ԱԺ այն մեծամասնությունը, որ աջակցում է իրեն, սակայն ունենար լծակներ ու միջոցներ ու չկարողանար դրանք կիրառել, ապա դա լուրջ խնդիր է: Գործող Սահմանադրությունը սահմանի լարվածության պարագայում հնարավորություն չի տալիս ՀՀ նախագահին, որպեսզի  երկիրը միասնական ձեւով մոբիլիզացնի այդ ռեսուրսները: Եթե դա չի կարողանում անել ՀՀ նախագահը, այդ դեպքում ի՞նչ է տալիս նրան գլխավոր գերագույն հրամանատար լինելու հանգամանքը»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մինչ հարց տալը հայտարարեց, որ իրենք մերժել են Սերժ Սարգսյանի առաջարկը՝ հանդիպել ու ներկայացնել առաջարկներ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. «Ոչ առաջարկելու բան ունենք, ոչ էլ համոզելու, սակայն ես ուզում եմ մի կեղծիքի մասին խոսել: ՀՀ նախագահը մի ցերեմոնյալ կերպար է դառնում այս նախագծով: Այս ընթացքում մի քսան Սահմանադրություն եմ կարդացել, սակայն որեւէ տեղ չկա գրված, որ նախագահը լիազորություն չունենա առաջադրելու վարչապետի թեկնածություն»: Նրա համար նաեւ առեղծվածային եւ անհասկանալի էր այն, թե ինչու է Վենետիկի հանձնաժողովը նախագծից հասկացել, թե վարչապետի թեկնածությունն առաջադրում է ՀՀ նախագահը, այլ ոչ թե, ինչպես նախագծում է գրված, ԱԺ նախագահը. «Կամ դուք խաբեբա եք, որ կեղծ տարբերակ եք ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին, կամ Վենետիկում կարդալ չգիտեն փաստաթուղթը: Կամ էլ երրորդ տարբերակ՝  եւ այն կա, եւ մյուսը»: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, դիմելով Լեւոն Զուրաբյանին, ասաց՝ լավ է, որ ՀԱԿ-ը քաղաքական դիրքորոշում փոխել ու մասնակցում է բարեփոխումների  քննարկումներին:  Իսկ Վարդան Պողոսյանը վրդովված պատասխանեց՝ ասելով. «Պարոն Զուրաբյան, ձեր էպիտետները պահեք ձեզ՝ հանցավոր, խաբեբա. դրանք նաեւ ձեր խմբակցությանը կարող են վերագրվել: Դուք գոնե պետք է իմանաք, թե ինչ հարց եք տվել: Սեւով սպիտակի վրա թարգմանված է եղել ու ուղարկվել Վենետիկի հանձնաժողով այն, ինչ կա: Եթե հարցեր ունեք, ուղղեք նրանց: Իսկ տեխնիկական սխալներ բոլորի մոտ է պատահում. դա մարդկային է: Իսկ վարչապետին նախագահն է նշանակում, առաջադրում ԱԺ նախագահը, այդ առումով մենք չենք շեղվել պառլամենտական երկրների սահմանադրություններից: