Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կան մարդիկ, ովքեր տարածում են, թե նախարարն իր փիարն է անում»

Հասարակություն
Nikolay-Grigoryan

Այսօր Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի՝ փրկարարի օրն է։ 24 տարի առաջ ձևավորված փրկարարական համակարգն անցնող տարիների ընթացքում ունեցել է մի շարք ձեռքբերումներ, բայց դեռ շատ անելիքներ կան։ «Ունենք ճգնաժամային կառավարման ակադեմիան, որտեղ բավականին շատ դիմորդներ կան։ Այսօր արդեն բոլոր մարզերում գործում են Ճգնաժամային կառավարման կենտրոններ և բնակիչը, զանգահարելով 911, այլևս չի ընկնի Երևանի կենտրոն, այլ անմիջապես իր մարզի համապատասխան ծառայություն»,-նշեց ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը։ Գործում է նաև ազդարարման ժամանակակից համակարգ, որը ցանկացած պարագայում, հատկապես՝ հակառակորդի հարձակման դեպքում, կարող է շատ օգտակար լինել։ «Ընդհանուր առմամբ, արտակարգ իրավիճակներում կարևոր է ոչ միայն համակարգի, այլև հենց բնակչության իրազեկվածության հանգամանքը»,-շեշտեց Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը։ Պատերազմական իրավիճակում հակառակորդը կարող է այնպիսի տեղեկատվական հոսք ուղղել, որ երկպառակություն մտցնի ժողովրդի և իշխանության միջև։ ՏԿԱԻՆ-ն այս տարի մասնագիտական տոնը նշում է մի քանի նորությամբ. «Բալահովիտում շուտով կբացվի հայ-ռուսական փրկարարական կենտրոն։ Բացի այդ, Միջգերատեսչական լրատվական կենտրոն է ստեղծվում և արտակարգ իրավիճակներում հենց այդտեղից ստացվող տեղեկատվությունը պետք է բոլորն ընդունեն»։ Այն, որ հաճախ արտառոց դեպքերի լուծման համատեքստում նախարար Արմեն Երիցյանի անունն է շեշտվում, և ոմանց կարծիքով՝ նա այդպիսով փի ար քայլ է իրականացնում, նախարարության աշխատակիցը նշեց. «Այդ մարդիկ գործ չեն անում և ուզում են ուրիշի արածը փնովել, նախանձում են։ Կան կոնկրետ մարդիկ, ովքեր տարածում են այդ խոսակցությունները, թե նախարարն իր փի արն է անում։ Պարոն Երիցյանը շատ ավելի խնդիրներ է լուծում, որոնց մասին շատերը չեն էլ տեղեկանում»։ ՏԿԱԻՆ-ի թույլ կողմը աշխատողների աշխատավարձն է։ Գաղտնիք չէ, որ նրանք բավականին ցածր են վարձատրվում։ «Փորձեցինք այս խնդիրը լուծել որոշ չափով, բայց էլի չեմ կարող ասել, որ լիովին լուծված է։ Եթե փորձենք համեմատել այլ երկրների փրկարարների աշխատավարձի հետ, համեմատելու եզրեր ուղղակի չկան»,- նշեց պարոն Գրիգորյանը։