Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ենթադրենք` թողնում ենք կիսանախագահական, ո՞վ պիտի լինի նախագահ». Գ. Սահակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
aj12

Հանրապետության երկրորդ քաղաքական դեմքն այսօր վերջապես բացահայտել է, թե ինչու է Սերժ Սարգսյանը նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները. «Ենթադրենք, թողնում ենք կիսանախագահական, ո՞վ պիտի լինի նախագահ»՝ ասում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Բոլորը կարող են նախագահ աշխատել, բայց նախագահ լինելը բացառիկների շնորհն է, այդ բացառիկներն էլ արդեն դարձել են նախագահ։ Սակայն Գալուստ Սահակյանի ամենամեծ ցավն առջեւում է. «Ես շատ ցավում եմ, որ երկրի նախագահը նման կենսափորձով ու դերակատարումներով հրաժարվում է բոլոր պաշտոններից»։ Ինքը պնդում է, որ նոր Սահմանադրության նախագիծը Սերժ Սարգսյանի վերարտադրվելու հետ ոչ մի կապ չունի, ի՞նչ դժվար բան էր հանել երկու անգամից ոչ ավել նախագահ դառնալու սահմանադրական արգելքը. «Էդ արգելքը ավելի հեշտ էր հանելը, քան մի ամբողջ համակարգ փոխելը»։ Պարոն Սահակյանը չի հասկանում նաեւ այն միտքը, թե Սերժ Սարգսյանը պատրաստվում է նախագահի պաշտոնից հետո գլխավորել Ազգային Ժողովը, բոլոր պաշտոններն արդեն զբաղված են լինելու. «Հետադարձ ճանապարհ էլ չկա։ Համամասնական ընտրություններ են, համամասնական ցուցակ է, ովքեր որ պաշտոններ կստանան դրանից հետո, տվյալ քաղաքական թիմը, նրանք ցուցակից դուրս են գալիս, եւ եթե այս պաշտոնյաներն էլ ցուցակից դուրս են գալիս, ցուցակը համալրվում է աստիճանաբար»։ Խորհրդարանի ղեկավարը գիտի, որ կայուն մեծամասնության գաղափարը այս նախագծի ամենաքննարկվող դրույթն է, հասկանում է, որ Հանրապետականին մեղադրում են միայն իրեն մեծամասնություն տեսնելու մեջ. «Չէ՞ որ կարող եք նաեւ նախընտրական կոալիցիաներ ունենալ եւ փաստորեն էդ մեծամասնությունը դուք լինել»։ Ինքը ոչինչ չի կարող անել՝ կայուն մեծամասնության դրույթը մնալու է նոր Սահմանադրության նախագծում. «Բայց դրա առաջացումը ըստ էության կորոշի Ընտրական օրենսգիրքը»։ Ի դեպ, ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի, որը 2017-ից հետո ձեւավորվող կառավարման համակարգում իրեն պատկերացնում է բարձր պաշտոններում, Գալուստ Սահակյանը համեստ է, իրեն տեսնում է միայն մեկ պաշտոնում՝ Գալուստ Սահակյան։