Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պտղի սեռի մասին հայտնելը չի արգելվել

Հասարակություն
1441284074

ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգեր է ստանում, որ առանձին պոլիկլինիկաներում և հիվանդանոցներում հրաժարվում են հղիներին հայտնել պտղի սեռը՝ պատճառաբանելով, թե «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ են կատարվել, համաձայն որի մինչև պտղի 30 շաբաթական դառնալը բժիշկներին արգելվում է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը: Ավելին` «Առավոտ» թերթում տրագրված «Հղիներին խաբելու նոր ձև են գտել. միայն գումարով են հայտնում պտղի սեռը» հոդվածում նշվում է, որ որոշ տեղերում նշում են, թե 6000 դրամ պետական վճարում կատարելու դեպքում բժիշկներն իրավունք կունենան ծնողներին հայտնելու ապագա երեխայի սեռը։ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունները հղիության արհեստական, այդ թվում` սեռով պայմանավորված վիժումները նվազեցնելու նպատակ են հետապնդում։ Նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և ուղարկվել Ազգային ժողով։ Տեղեկացնում ենք, որ դեռևս ԱԺ-ում չքննարկված, հետևաբար և օրենքի ուժ չստացած նախագծում պտղի սեռի մասին տեղեկատվություն չտրամադրելու դրույթ չկա։ ԱԺ ներկայացված նախագծով արգելվում է 12 շաբաթական ժամկետը գերազանցող հղիության ընդհատումը։ Տվյալ դրույթը խախտելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվել է վարչական պատասխանատվություն։ Մյուս փոփոխության համաձայն՝ ցանկացած հղիության ընդհատման դեպքում կնոջը պետք է երեք օր ժամանակ տրվի՝ իր որոշման մասին խորհելու համար: Այդ ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգները պետք է հոգեբանական աշխատանք տանեն հղիի և նրա ընտանիքի հետ` հղիությունը պահպանելու ուղղությամբ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարությունը միջնորդել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն իրենց ենթակայության պոլիկլինիկաներում և բուժհիմնարկներում նման երևույթները կանխելու ուղղությամբ։ Միաժամանակ հորդորում ենք այլ ենթակայության, ինչպես նաև մասնավոր բուժհաստատությունների ղեկավարներին` հղիության վարման ընթացքում բացառել գումարներ պահանջելու դեպքերը։ Իսկ հղիներին առաջարկում ենք տեր կանգնել իրենց իրավունքին և նման դեպքերի մասին իրազեկել տվյալ հաստատության տնօրինությանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծին` 010-52-88-72 հեռախոսահամարով։