Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համերաշխություն քարոզելու սկզբունքը. Զուբին Մեթան Երեւանում է (տեսանյութ)

Մշակույթ
zubin-meta

Արվեստի քաղաքականությունը համերաշխություն քարոզելու սկզբունք պետք է կրի` համոզված է Բոմբեյում ծնված, պարսկական ծագում ունեցող, զրադաշտական կրոն դավանող ընտանիքի զավակ, Վիեննայում երաժշտական ուսում առած երաժշտական աշխարհի լեգենդ Զուբին Մեթան: Նա 25 տարեկանում ղեկավարել է Վիեննայի աշխարհահռչակ նվագախումբը, եղել է «Երեք տենոր» նախագծի դիրիժոր, աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժոր»: «Առաջին անգամ եմ ձեր երկրում: Մեծագույն հաճույք եմ զգում: Իմ ծննդավայրում` Բոմբեյում շփվել եմ հայ համայնքի հետ: Հայրս, ով Բոմբեյի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրն էր` Նյու Յորքում ջութակ է ուսանել հայտնի մանկավարժ Իվան Ղալամյանի մոտ: Վիեննայում հայ ընկերներ եմ ունեցել: Լիլի Չուքասզյանի հետ եմ աշխատել»,- ասում է Զուբին Մեթան: Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Զուբին Մեթայի ղեկավարած աշխարհի առաջատար նվագախումբ Իսրայելի ֆիլհարմոնիկը: Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Հայերը տաղանդավոր ժողովուրդ են և միանգամայն հասկանալի է, որ տարելիցը նշելիս մեծ տեղ են հատկացնում մշակույթին, երաժշտությանը»,- ասում է անվանի դիրիժորը: Ի դեպ, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները համերգից առաջ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: