Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուպերմարկետները խաբում են սպառողին. Մասնագետը կոչ է անում աչալուրջ լինել (տեսանյութ)

Հասարակություն
supermarket

Հայաստանում սպառողների դեֆիցիտ կա. այս եզրահանգման է եկել Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Մեկ ամիս առաջ նրանք եղել են Հայաստանի մարզերում   եւ կատարել ուսումնասիրություններ։ Արդյունքը ոգեւորող չէ. «Մարզերի վիճակը, ըստ մեր գնահատականի, շատ վատ է, առեւտրականները բողոքում էին, որ սարսափելի վիճակ է, մարդիկ պարտքով են վերցնում ապրանքը, գնում են միայն շատ պետքական ապրանքներ»: Համեմատական կարգով ուսումնասիրությունների արդյունքում ակտիվություն է նկատվել Ծաղկաձորում, Դիլիջանում եւ Ջերմուկում: Մարզային արտադրամասերում նույնպես ասոցիացիայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սպառման ծավալներ չկան. «Նրանք բողոքում էին նաեւ, որ հիմա չեն կարողանում արտահանել իրենց ապրանքը՝ կապված թղթաբանության հետ»,- հավելեց տիկին Հակոբյանը: Սպառողներից ազգային ասոցիացիան ամբողջ տարի բողոքներ է ստացել նաեւ Երեւանի սուպերմարկետների վերաբերյալ՝ 2252 զանգ, իբրեւ թե ապրանքի նշված գինը չի համապատասխանում դրամարկղում հաշվվող գնին: Տիկին Հակոբյանը որոշել է անձամբ ստուգել. «Ես գնացի ու փորձեցի, հասկացա, որ լրիվ այլ գին են հաշվում։ Պահանջեցի, որ հատ առ հատ հաշվեն եւ արդյունքում 560 դրամի տարբերություն եղավ: Մենեջերին կանչեցի, սկսեց արդարանալ, թե չեն հասցրել գնապիտակը փոխել եւ այլն, եւ այլն»: «Ա1+» -ի հարցին, թե որ սուպերմարկետում է այդ դեպքը եղել, տիկին Հակոբյանը չպատասխանեց՝ ասելով, որ ստուգել է քաղաքի գրեթե բոլոր սուպերմարկետները եւ արձանագրել է նույն վիճակը: Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել հարցին նա պատասխանեց. «Ես պատրաստվում եմ դիմել համապատասխան մարմիններ, օրենքով նրանց տուգանք է հասնում սպառողին խաբելու համար»,- ասաց Մելիտա Հակոբյանն ու խնդրեց սպառողներին էլ աչալուրջ եւ հետեւողական լինել: