Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլեկտրաէներգիայի հարցում կառավարությունը ժամանակ է շահում» (տեսանյութ)

Տնտեսություն
6e263fe18dd1a5f80087089c1a0597de

Էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով մինչև 500 կՎտ/ժ էլեկտրաէներգիա սպառող ՓՄՁ-ների սուբսիդավորման վերաբերյալ կառավարության հայտարարության մեջ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը ժամանակ շահելու փորձ է նկատում. «Սուբսիդավորման մեծությունը շատ փոքր է։ Թիվը, որն առաջարկում է կառավարությունը, շատ փոքր թիվ է. սա շատ կոմպրոմիսային մոտեցում է. ոչ էական օգտակարություն ունի՝ հիմնականում հանգստացնող, նաև ժամանակ շահող բնույթ ունի»,- ասում է Մակարյանը։ Հիշեցնենք, որ կառավարությունը որոշում է ընդունել փոխհատուցել ամսական մինչև 500 կՎտ/ժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող ՓՄՁ-ների 250 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի սակագինը։ Թեև Մակարյանն ընդգծում է, որ տրված ձևակերպումը հստակ չէ, սակայն նման քաղաքականության մեջ նաև «մոտիվացման մեխանիզմ» է նշմարում՝ կանխագուշակելով, որ նման հանգստացնող բնույթի արդյունքում առաջիկա ամիսներին էլեկտրաէներգիայի շռայլման աճ կնկատվի։ Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, Մակարյանը վերհիշում և համեմատություն է անցկացնում Խորհրդային միության տարիներին Մոսկվայի կողմից միության երկրներին պատերազմի ներքաշման հետ, որը նրա բնորոշմամբ կրկին Ռուսաստանի սխալ քաղաքականության արդյունք էր, իսկ այժմ իրավիճակը նույնն է։ Այսպիսով, ըստ նրա, ընդհանրանում է նաև «ռուսական լիդերի» գաղափարը։ «Պուտինն իր քաղաքականությամբ Ռուսաստանին ներքաշել է խնդիրների մեջ։ Ինքը նաև սանկցիաներ է կիրառում նրանց հանդեպ, հետո էլ ասում է՝ քանի որ դուք էլ Մաքսային միության երկրներ եք, բարեկամ երկրներ եք, դուք էլ պետք է սանկցիաներ կիրառեք, միացյալ լինեք»,-ընդգծում է Մակարյանը։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ցանկանում մենակ մնալ և անում է հնարավոր ամեն ինչ՝ դաշնակից մյուս երկրներին ևս ներքաշելու իր իսկ խնդիրների մեջ՝ օգտվելով իր մեծությունից։ Կառավարությանն էլ կոչ է անում՝ նման պարագայում ավելի ճկուն քաղաքականություն վարել։