Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միսս մոլորակ»-ն առանց ինտրիգների չի անցնի (տեսանյութ)

Հասարակություն
miss-molorak

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Միսս մոլորակ» միջազգային մրցույթին, որը կկայանա սեպտեմբերի 6-12-ը Թբիլիսիում։ «Ցանկալի կլիներ, որ նախնական փուլն անցկացվեր մեր երկրում, բայց ֆինանսական և փաստաթղթային խնդիրների պատճառով չհասցրինք»,-նշեց «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիայի տնօրեն Լուսինե Բաղդասարյանը։ Մրցույթին 30 երկրի գեղեցկուհի է մասնակցում։ Մեր երկիրը կներկայացնի 17-ամյա մոդել Դայանա Դավթյանը։ Մեկ տարի է, ինչ մոդելինգով է զբաղվում։ «Մենք, բացի արտաքինը, կարևորել ենք նրա ներքին կուլտուրան, լեզուների իմացությունը»,-շեշտեց տիկին Բաղդասարյանը։ Իսկ Դայանան նշեց, որ չափազանց ուրախ է, որ ներկայացնելու է Հայաստանը։ «Իհարկե, կարևոր է հաղթանակը, բայց կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ լավ ներկայանամ»։ Հարցին, թե ի՞նչ է ցանկանում աշխարհին, քանի որ գեղեցկության մրցույթներին սովորաբար այս հարցն է տրվում, նա նշեց. «Աշխարհին ցանկանում եմ խաղաղություն և բարություն»։ Մրցույթի մյուս մասնակիցներին նա որպես մրցակից չի դիտում. կարծում է, որ կընկերանա նրանց հետ։ Դայանան արդեն իսկ Հայաստանը խորհրդանշող նուռ և այլ նվերներ է պատրաստել նրանց համար։ Ինչպես ամեն գեղեցկության մրցույթ, այս մեկն էլ առանց ինտրիգների չի անցնում, հատկապես՝ մեր երկրի համար։ «Միայն այս վերջին օրերին մեզ հայտնեցին, որ մրցույթին մասնակցելու է նաև Ադրբեջանի գեղեցկուհին»,-ասաց «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիայի տնօրենը։ Մեր մասնակցից նա մեծ սպասելիքներ ունի։ Տիկին Բաղդասարյանը նշեց նաև, որ մրցույթի ընթացքում Դայանան ներկայանալու է դիզայներ Ֆաինա Հարությունյանի զգեստներով, նաև տարազով՝ տրամադրված «Տերյան» մշակութային կենտրոնի կողմից։ Մրցույթին մասնակցության ծախսերը հոգում են «Թոփ մոդել Հայաստան» ասոցիացիան և մոդելի ընտանիքը։ Իսկ սեպտեմբերի վերջին «Միսիս Եվրոպա» մրցույթն է լինելու և այժմ բանակցություններ են ընթանում, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա մասնակցելու նաև այդ մրցույթին։