Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւքարից այս գիշեր հեռացել են կանայք ու երեխաները

Կարևոր լուրեր Հասարակություն
sevkar

Իջեւանի սահմանամերձ Սեւքարի բնակիչներից մեզ ասացին, որ կանայք ու երեխաներն այս գիշեր հեռացել են գյուղից. ովքեր բարեկամներ ունեն՝ Իջեւան, մյուսները՝ այլ ապահով վայրեր։ Նման իրավիճակ եղել էր մեկ էլ 90-ականներին՝ ասաց մեր զրուցակիցը։ Սեւքարն ունի մոտ 1200 բնակիչ։ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ գիշերը հանգիստ է եղել իրենց գյուղում։ Վերջին անգամ կրակոցներ եղել են օգոստոսի 31-ի գիշերը եւ սեպտեմբերի 1-ի առավոտյան. Կրել են միայն նյութական վնաս։ Բաղանիսի բնակիչներից մեկը, սակայն, մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ խուճապ, այնուամենայնիվ, կա. «Որ ասեմ մեր երեխեքը պատերի տակ կուչ եկած են քնում, դրանից ի՞նչ է փոխվելու...»։ Ի դեպ, որոշ համայնքապետեր խուսափում են որեւէ տեղեկություն տրամադրել։ Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին կրակոցներ չկան, երեկ երեկոյան կրակոցների արդյունքում վիրավորված 2 վիրավորները Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հիշեցնենք, այս գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Սեւքար-Բերքաբեր հատվածում իրավիճակը ծայրահեղ լարվել է: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հակառակորդը կիրառել է ականանետեր։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը, թե Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի գյուղերից բնակչության տարհանման խնդիր է եղել։ Նա նաեւ նշեց, որ հակառակորդի կողմից  հրետանի չի կիրառվել, ինչպես ավելի վաղ լուրեր էին տարածվել, այլ կիրառվել են ականանետեր։ Այս պահին, ըստ մամուլի քարտուղարի, իրավիճակը համեմատաբար հանգիստ է։