Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն մասնակցում է Գրքի 28-րդ մոսկովյան միջազգային ցուցահանդես-տոնավաճառին

Քաղաքականություն
untitled1

Սեպտեմբերի 2-ին Մոսկվայում` Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսային համալիրի տարածքում, տեղի ունեցավ Գրքի 28-րդ մոսկովյան միջազգային ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունը, որին Հայաստանը մասնակցում է «թեմատիկ հյուրի» կարգավիճակով: Հայաստանյան տաղավարը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդես-տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջանաթին, ՌԴ մամուլի և զանգվածային հաղորդակցության դաշնային գործակալության ղեկավար Միխայիլ Սեսլավինսկին, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ու այլ բարձրաստիճան հյուրեր և միջազգային պատվիրակությունների ղեկավարներ: ՌԴ Պետդումայի նախագահը ներկաներին ուղղված իր խոսքում նշեց, որ Գրքի 28-րդ միջազգային ցուցահանդեսը բացառիկ իրադարձություն է, որն անցկացվում է Ռուսաստանում հայտարարված գրականության տարվա շրջանակներում` Ռուսաստանի տարբեր հատվածներից և արտասահմանից հրավիրված ավելի քան 300 հրատարակիչների մասնակցությամբ: Ըստ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյայի` կազմակերպիչների ջանքերով հանրության դատին են ներկայացված մանկական, գեղարվեստական և գիտական գրականության լավագույն և ամենաթարմ նմուշները: Իր հերթին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, հանդես գալով ցուցահանդեսի բացման խոսքով, Հայաստանի պատվիրակության անունից շնորհակալություն հայտնեց ռուսաստանյան կողմին միջոցառմանը Հայաստանին հատուկ հյուրի բարձր պատվին արժանացնելու համար: Դեսպան Եսայանն իր ելույթում անդրադարձավ գրքի բացառիկ դերին և նշանակությանը հայ ազգային ինքնության պահպանման և զարգացման գործում: Բացման արարողությանը հաջորդեց բարձրաստիճան հյուրերի շրջայցը գրահրատարակիչների տաղավարներով: Հայաստանի տաղավարում Սերգեյ Նարիշկինին և Ալի Ջանաթիին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց վերջին շրջանի հայաստանյան հրատարակություններն ու անվանի հայ գրողների ստեղծագործությունները: Սեպտեմբերի 5-ին Գրքի 28-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի «Հայաստանի օր» ծրագիրը, որի ընթացքում կկազմակերպվեն հայ հեղինակների գրքերի շնորհանդեսներ և ներկաների ուշադրությանը կներկայացվի մշակութային համերգային ծրագիրը: