Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանդանոց ՀՀ-ում, որտեղ մորթը կատարվելու է մահմեդական «հալալ»-ի օրենքով

Տնտեսություն
unnamed

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզի Մասիս համայնքում մասնակցել է հայ-իրանական համատեղ «Ոսկե կացին» ընկերության կողմից հիմնադրված սպանդանոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսին, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, այլ հյուրեր և պաշտոնատար անձինք: Սպանդանոցը զբաղեցնում է 2400 քմ տարածք և ունի բոլոր անհրաժեշտ սառնարանային սարքավորումները մսի պահպանությունը իրականացնելու համար: Այն մեկ հերթափոխում կարող է մորթի ենթարկել 1000 գլուխ մանր եղջերավոր և մինչև 200 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ: unnamed1 «Այսօր շահագործման հանձնվեց հանարապետությունում ամենախոշոր սպանդանոցը, որի շահագործմամբ հնարավոր կդառնա մեծացնել դեպի հարևան երկիր հատկապես ոչխարի մսի արտահանման ծավալները, ինչը կնպաստի մեր երկրում անասնապահության ոլորտի զարգացմանը», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը նաև հավելել է, որ սպանդանոցում մորթն իրականացվելու է մուսուլմանական «հալալ» կանոնների համաձայն, ինչը մեծապես կնպաստի դեպի մուսուլմանական երկրներ ոչխարի մսի արտահանման խնդրի լուծմանը: Նախարարն իր խոսքում  կարևորել է նաև   խելամիտ գնի սահմանման անհրաժեշտությունը, որը երկուստեք շահավետ կլինի։ Ավարտելով իր խոսքը` նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հնարավորինս կաջակցի նորակառույց սպանդանոցի ամենօրյա աշխատանքների կազմակերպման հարցում: Ընկերության համասեփականատեր Արմոնդ Հախվերդյանն իր հերթին նշել է, որ մինչև տարեվերջ  շահագործման կհանձնվի նաև աշխատանքային մեկ հերթափոխում մինչև 200 գլուխ խոշոր  եղջերավոր անասունների մորթը կազմակերպելու հնարավորություն ունեցող հոսքագիծը: Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին իր ելույթում ընդգծել է, որ հայկական մսամթերքն իր համային բարձր հատկանիշների շնորհիվ իրանական շուկայում ունի մեծ պահանջարկ, և սպանդանոցի բացումը թույլ կտա Հայաստանից արտահանել որակյալ  մսամթերք: Դեսպանը չի բացառել, որ հետագայում Հայաստանի այլ մարզերում հնարավոր է հիմնվեն նույն եղանակով մորթ իրականացնող այլ սպանդանոցներ: Մինչ այժմ Մասիսի սպանդանոցում փորձնական մորթի են ենթարկվել հանրապետության տարբեր մարզերից, առավելապես Սյունիքից ներկրված ավելի քան 700 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին