Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարզվել են «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ

Հասարակություն
73103d5b045fbfef3fcdc0f54f8e98db

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում քաղաքացիների՝ «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ, հիվանդության փոխանցման ուղիները: Կան ձերբակալվածներ: Հստակեցվում է մեղավոր անձանց շրջանակը: Հունվարի 17-ին տեղեկություն էր ստացվել, որ «Քաջարանի բժշկական կենտրոն» բուժօգնության դիմած մի քանի քաղաքացիների մոտ նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո ախտորոշվել էր «հեպատիտ c» հիվանդություն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, որի քննությունը հանձնարարվել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը: Կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների վարակվելու պատճառները պարզելու համար: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար: Հարուցված քրեական գործի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 1-ին սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում և անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը, կասկածանքով ձերբակալվել են «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալ Վ.Մանասյանը և նույն բժշկական կենտրոնի նախկին բուժաշխատող, բժիշկ-անեսթեզիոլոգ Ե.Ավագյանը: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Քննչական կոմիտե