Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ-ը վշտացած է Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ

Հասարակություն
9ee9c9e9be10f5aafa49857fe70049f1

Հայ Ազգային Կոնգրեսը խորապես վշտացած է ՀՀ ականավոր ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան առիթով: Դեռևս խորհրդային տարիներին նշանակալի զինվորական կարիերա անցած Գուրգեն Դալիբալթայանը Հայաստանի անկախության հռչակումից անմիջապես հետո տքնաջանությամբ լծվեց երկրի զինված ուժերի կայացման դժվարին գործին` դառնալով դրա առաջամարտիկներից մեկը: Գեներալ Դալիբալթայանը տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է մի շարք բարձրագույն զինվորական պաշտոններ` Նախարարների խորհրդին կից պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ ռազմական տեսուչ: Անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքներ` անուրանալի ներդրում ունենալով ինչպես Հայոց բանակի կազմավորման, այնպես էլ նրա արձանագրած հաջողությունների գործում, ինչի համար արժանիորեն պարգևատրվել է ՀՀ մի շարք պետական մեդալներով ու շքանշաններով: Սրանից զատ, գեներալ Դալիբալթայանն առանձնանում էր պետական մտածողության, քաղաքացիական գիտակցության բարձր որակներով, ռազմական գործչին վայել լրջմտությամբ ու օրինակելի վարքագծով: Սա մեծ կորուստ էր Հայոց բանակի համար, ում մինչև վերջ իր հեղինակությամբ, ներկայությամբ ու խորհուրդներով նեցուկ էր Գուրգեն Դալիբալթայանը: Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Գուրգեն Դալիբալթայանի հարազատներին, ընկերներին ու զինակիցներին, կիսում նրանց վիշտը: Նրա հիշատակը վառ կմնա մեր սրտերում: