Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյոք պատասխանատվության կենթարկվի՞ Առաքել Մովսիսյանը

Քաղաքականություն
araqel

ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր վարույթ ընդունեց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի դիմումը՝ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի սպառնալիք-հայտարարությունների առնչությամբ: Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը՝ մերժման հիմքերի բացակայության պարագայում եւ փաստաթղթում եղած ապացույցների հիման վրա հանձնաժողովը միաձայն որոշում կայացրեց: Զեկուցող է նշանակվել հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: Թե երբ կլինի հաջորդ նիստը, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այդ մասին կտեղեկացվի հավելյալ: Ի դեպ, այսօր Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկա չէր նիստին: Նշենք, որ նրա դիմումը վերաբերում էր ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի այն արտահայտություններին, ըստ որի՝ նա սպառնում էր «բռնաբարել» եւ «գլխատել» նրանց, որոնք վիրավորական արտահայտություններ են թույլ տվել Պաշտպանության նախարարի ու նրա տիկնոջ հասցեին: Ի դեպ, Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ այսօր արած այն հայտարարության մասին, թե Արդարադատության նախարարի հավանական թեկնածուներից մեկը Արփինե Հովհաննիսյանն է: Պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել՝ ասելով, որ կոռեկտ չի համարում վարչապետի խոսքերը մեկնաբանելը: