Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տնտեսական կայունությունը մոտենում է գերեզմանին». Հր. Բագրատյանը բարկացել է

Քաղաքականություն
037f7bfcf18a67117a1d8875af2f7928

ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ԿԲ-ն ներկայացրեց իրենց ոլորտը կարգավորող մի շարք օրենսդրական նախագծերի փաթեթ: ԿԲ խորհրդի անդամ Ներսես Երիցյանին հարց ուղղելով՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հակադարձեց նրան՝  նշելով, որ ոչ մի նոր տեղակալ էլ պետք չէ ԿԲ-ին. «ԿԲ խորհրդի անդամներից մեկի վրա դրեք հավելյալ նոր պարտականությունները. ԿԲ-ն պետք է գործ ունենա  բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ: ԿԲ-ն այսօր եկել, ասում է՝ գործերս շատ են, մի երկու հատ տեղակալ էլ է պետք, իսկ ես էլ ասում եմ՝ ոչ, դեռ կրճատել է պետք: Ֆոնդային շուկան ձեր ձեռքն եք վերցրել: ՀՀ-ն այսօր միակ երկիրն է, որ զրո է այդ շուկայում: Նույնիսկ Գազայի հատվածում, որտեղ գազանություններ են տեղի ունենում, կապիտալիզացիա է: Ֆինանսական շուկայի այնպիսի մասնակիցներ, ինչպիսիք են օրինակ՝ ապահովագրական ընկերությունները կամ ներդրումային ֆոնդը, դա ԿԲ ոլորտի խնդիրը չէ, այլ Կառավարության հարցն է: Ինչպե՞ս կարող է այդ ամենն անել ԿԲ-ն. շահերի բախում է տեղի ունենում: Դուք բանկերի բանկն եք: Եթե պարզ չէ, այլ կերպ կբացատրեմ, որ հասկանալի լինի»: Պարոն Բագրատյանի բարկությունը պայմանավորված էր նաեւ նոր  Սահմանադրության նախագծով, որտեղ ԿԲ լիազորություններն ավելացվել են. «Ապշել եմ: Անընդհատ միջազգային փորձն եք վկայակոչում: Ղազախստանի Սահմանադրության մեջ մի բառ անգամ չկա ԿԲ մասին, ՌԴ-ի դեպքում, այո, կա: Մեզ մոտ տնտեսական կայունությունը մոտենում է գերեզմանին: Ու այդպես արդեն տասը տարի է: Ո՞ւմ ենք ձեռ առնում: Ես չեմ ասում, թե ձեր փաստարկներն անտեղի են, սակայն դուք ճնշում եք ամբողջի վրա: Մենք հիմա ընդունում ենք մի փաստաթուղթ, որը լուրջ խնդիրներ ունի, ու ԿԲ-ն այսպիսով ավելի մեծ լիազորություններ է ստանում, քան Կառավարությունն ունի: Ես համաձայն չեմ ձեր բացատրությունների հետ, պարոն Երիցյան: Մենք էլ գիտենք էդ թվերը»: ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ իրենց քննարկումը բուն թեմայից շեղվում է եւ կոչ արեց խոսել ըստ էության: Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության՝ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ մտնելու համար: Միակ դեմ արտահայտվողը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էր, որն, ի դեպ, այսօր հանձնաժողովի միակ ընդդիմադիր անդամն էր: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը բացակայում էր: