Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տարածաշրջանում կայունության պահպանման խնդիր է դրված»

Քաղաքականություն
arm137636819093

Այսօր` սեպտեմբերի 1-ին, Բաքու կժամանի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Աշխատանքային այցի ընթացքում Լավրովը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդիարովի հետ: Ինչպես հայտնում է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունը` հանդիպման ընթացքում նախատեսվում է «փոխադարձ հետաքրքրության հարցրերի», ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի քննարկումը: Ադրբեջանը նավթի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը կարող է դիտարկել որպես ռազմական գործողությունների վերսկսման ամենահարմար պահ, կարծիք է հայտնում քաղաքագետ Աղասի Ենոքյանը` ընդգծելով ղարաբաղյան հակամարտության հարցում տեղի ունեցած էական փոփոխությունները, որոնք պայմանավորված են նավթի գնի անկման հետևանքով Ադրբեջանում ստեղծված տնտեսական իրավիճակի հետ: «Ադրբեջանը մտածում է, որ իր համար հնարավորությունը ռազմական գործողությունների վերսկսման հենց հիմա է, որովհետև որոշ ժամանակ անց նա այդ գումարներն այլևս չի ունենա և երկրորդ, եթե նա լինի պատերազմի մեջ, ապա նավթի գների հետ կապված կենսամակարդակի անկումը երկրում կարելի է բացատրել պատերազմով»,-մեկնաբանում է քաղաքագետը: Քաղաքագետի խոսքով` պատահական չէ վերջին շրջանում Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը, քանի որ, չնայած ադրբեջանական հակադրությանը, այս գոտում կայունության պահպանման խնդիր է դրված: Լավրովի և Մամեդիարովի Բաքվում կայանալիք հանդիպման ընթացքում ղարաբաղյան հակամարտությունից բացի, ակնկալվում է քննարկում նավթի շուկայում ստեղծված իրավիճակի, Ադրբեջանում ռուսական ռազմակայանի տեղակայման հնարավորության, ինչպես նաև երկրի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների նախորդ հանդիպումից ընդամենը երեք ամիս է անցել: Մոսկվայում կայացած բանակցությունները Մամեդիարովը «լավատեսական» էր գնահատել: Հանդիպումը նախորդել էր Բաքվի Եվրոպական խաղերի շրջանակում Ադրբեջանի մայրաքաղաքում նախագահներ Պուտինի և Ալիևի երկկողմ հանդիպմանը: