Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդներին ճնշում են՝ ակցիաների մասնակցելու համար (տեսանյութ)

Հասարակություն
diana-nkar

«Երիտասարդական ընդվզում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հովհաննես Ղազարյանն ահազանգում է իրենց շարժման անդամների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Առանց կոնկրետ անուններ տալու՝ Հովհաննեսը միայն նշում է, որ շարժման անդամներին անուղղակի կերպով ստիպում են չմասնակցել նախաձեռնության կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին: Հենց այս պատճառով էլ այսօր Ազատության հրապարակում նախատեսված հանրային քննարկումը չկայացավ։ «Մեր նախաձեռնության անդամներից երկուսի նկատմամբ ճնշումներ են եղել։ Նրանց ծնողներին են զանգել, սպառնացել, ասել են, որ ձեր երեխան պատրաստվում է դասադուլներ կազմակերպել, բողոքի ակցիաներ են անում։ Նրա ծնողներին ազատել են աշխատանքից»,- նշեց Հովհաննես Ղազարյանը։ Վերջինս «Ա1+»-ի լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ սա իշխանությունների կողմից կազմակերպված քայլ է ՝ իրենց վախեցնելու համար։ Ի սկզբանե հայտնի էր, որ այսօրվա հանրային քննարկումը կապված է լինելու սահմանադրական բարեփոխումների նախագծի հետ, որից հետո երիտասարդներն իրենց նախաձեռնությամբ պատրաստվում էին դասադուլներ սկսել։ Այսօր,սակայն, Հովհաննես Ղազարյանի տեղեկացմամբ՝ իրենք պատրաստվում էին քննարկել միայն տարբեր բուհերում սովորող ուսանողների հիմնախնդիրները, ինչպես նաև իրենց հետագա անելիքները՝ հանրապետականացված ուսխորհուրդների անդամների և կաշառքների դեմ։ Նա նաև պատմեց, որ իրեն դեռևս 2013թ-ին հեռացրել են Ինֆորմատիկայի պետական քոլեջից ՝ դասադուլների մասնակցելու պատճառով։ Բայց այս ամենը Հովհաննեսի խոսքերով՝ որևէ ազդեցություն չի ունենալու իրենց պայքարի վրա։ Նրանք առաջիկայում պատրաստվում են ֆեյսբուքյան նոր նախաձեռնություն սկսել՝ ուսանողների խնդիրների թեմայով։ Մանրամասները՝ տեսանյութում