Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբեմն ներառական կրթությունն ընդունում են որպես ֆինանս ստանալու միջոց» (տեսանյութ)

Հասարակություն
Alaverdyan

Մինչև 2025 թիվը նախատեսվում է ներառական դարձնել բոլոր դպրոցները, սակայն արդյո՞ք դրանք պատրաստ են այդպիսի կրթություն իրականացնելու։ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը լավ չի պատկերացնում, թե ինչպես է դա արվելու։ «Թեքահարթակների մի մասը չի համապատասխանում ընդունված չափանիշներին, ծրագրային մի շարք խնդիրներ կան»։ Սխալ է որոշ դպրոցների տնօրենների մոտեցումը՝ կապված ներառական կրթության հետ։ «Նրանք հորդորում են երեխաներին և նրանց ծնողներին հանդուրժել հաշմանդամություն ունեցողներին։ Դա ահավոր կոպիտ եզրույթ է, ի՞նչ է նշանակում լինել հանդուրժող։ Հանդուրժել պետք չէ, այլ ընդունել նրանց այնպիսին, ինչպիսին կան»,-շեշտում է «Ունիսոն»-ի ղեկավարը։ Բացի այդ, այլ խնդիր էլ կա. «Եթե դպրոցը համարվում է ներառական և պետությունից հավելյալ գումար է ստանում, ապա տնօրենն ի պաշտոնե իրավունք չունի չընդունել խնդիր ունեցող երեխայի։ Բայց որոշ տնօրենների կարծրատիպային մոտեցումներ կան և իրենք դա ընդունում են որպես ուղղակի ֆինանս ստանալու միջոց կամ մոդայիկ, հեղինակավոր դպրոց համարվելու ինչ-որ ձև։ Բայց նրանցից առնվազն ոմանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում ներառականություն»։ «Շատ դպրոցներում չկան համապատասխան մասնագետներ։ Որոշ հաստատություններ ֆիզիկական խնդիրներ ունեցողներն ընդհանրապես չեն կարող հաճախել, որի հետևանքով զրկվում են կրթություն ստանալու հնարավորությունից»,-իր հերթին նշեց «Ունիսոն» ՀԿ հանրային կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը։ Ասում է՝ երբեմն տնային ուսուցում է իրականացվում, որը հաճախ ձևական բնույթ է կրում և դադարեցվում է։