Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեզուս երկար էր կրկնակի. Արմեն Աշոտյանը հիշում է դպրոցական տարիները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ashotyan-nkar

Երևանի թիվ 45 դպրոցի հրապարակում երեխաների շարքերն են՝ բաժանված ըստ դասարանների։ Ծնողների ու բարեկամների ուղեկցությամբ դպրոց են ժամանում աշակերտները։ Բոլորն սպասում են Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով սովորել է հենց այս դպրոցում, ավարտել է 1992 թվականին։ «Պարոն Աշոտյան, Դուք է՞լ եք դեմ օրենքին»,- հարցին ի պատասխան՝ Աշոտյանը պատասխանում է. «Դուք ի՞նչ առիթով եք եկել, այդ առիթով էլ խոսենք»։ Փաստորեն չմեկնաբանելով իր տեղակալ Մանուկ Մկրտչյանի հայտնի հայտարարությունը, թե ինքը դեմ է օրենքներին։ Այնուհետ նա մոտենում է աշակերտների շարքերին, ողջունում առաջին դասարանցիներին։ Շնորհավորական ելույթներից ու բարեմաղթանքներից հետո պարոն Աշոտյանն իր դասարան է ուղեկցում առաջին դասարանցի Անի Էլչյանին։ «Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք հիշում է իր առաջին օրը դպրոցում, պատասխանում է. «Աղոտ, բայց հիշում եմ, անորոշության, ուրախության զգացումներ ունեի, տոն էր, բայց մտահոգիչ տոն էր. առաջին անգամ մնացինք առանց ծնողների»։ Նախարարը մտնում է դասարան ու առաջարկում Անիին. «Որտե՞ղ ա քո տեղը, արի ամենալավ տեղը քո համար ընտրենք»։ Անին գտնում է իր տեղը դասարանում՝ ապագա դասընկերոջ՝ Հարությունի կողքին։ «Եթե դուրդ չի գալիս, ասա փոխենք»,- առաջարկում է Արմեն Աշոտյանը։ Պարոն Աշոտյանը դաժան է բնութագրում իր ֆրանսերենի ուսուցչուհի Անելա Բաբելյանին, ով ողջ ընթացքում ուղեկցում է նրան։ «Ա1+»-ի հարցին՝ ինչպիսի՞ն էր Արմեն Աշոտյանը դպրոցում, Անժելա Բաբելյանը պատասխանում է. «Խելացի ու հիանալի մարդ էր, հանկարծ վատ բաներ չգրեք»։ Արմեն Աշոտյանը հիշում է պատուհանից իր և դասարանցիների փախուստը. «10-րդ դասարանն էր, որոշեցինք գնալ Էրեբունի- Երևանը նշելու։ Դասարանում շատ համերաշխ մթնոլորտ էր, դասարանի և՛ գերազանցիկների և՛ վատ սովորողների համատեղ ջանքերով մենք շատ գեղեցիկ ցատկեցինք պատուհանից ու գնացինք։ Ես չարաշահում էի այն հանգամանքը, որ մայրս այստեղ էր աշխատում, և երկրորդ հանգամանքը, որ չարաշահում էի, դա այն էր, որ ես գերազանցիկ էի, հետևաբար՝ լեզուս երկար էր կրկնակի։ Տնօրենը իհարկե բարկացավ շատ խիստ, բայց չպատժեց»։