Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փոխքաղաքապետի ուղերձը վտանգավոր է». Սուսաննա Թադևոսյան (տեսանյութ)

Հասարակություն
armenia

Եթե վերջին 25 տարում իշխանությունները մի մարդասիրական քայլ են արել, ապա դա ներառական կրթության ներդրումն է դպրոցներում. Ասում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, որը նոնսենս է համարում Երևանի դպրոցների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի հայտարարությունը, որով կասկածի տակ էր դրվում ներառական գաղափարախոսությունն ընդհանրապես: «Պաշտոնյան, ով ոլորտի քաղաքականությունը պիտի քարոզի, ինքը կասկածում է պետական քաղաքականության վրա: Հետևապես՝ ինչպե՞ս նա կարող է այդ քաղաքականությանը հետևել»,- ասում է Անահիտ Բախշյանը: Պետական պաշտոնյայի նման հայտարարությունը վտանգավոր է ամբողջ հասարակության համար. կարծում են ներառական կրթության խնդիրներով զբաղվողները։ «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշում է. «Հիմա ի՞նչ, թողնենք ամեն ինչ ու սկսենք քարոզել. գիտե՞ք երեխաներ, մի՛ ընդունեք նրանց, ովքեր ձեզանից տարբեր են: Փոխքաղաքապետի նման կանխակալ հայտարարությունը ավելի շատ կապված է նրա կարծրատիպերի, դեռևս ավանդական կանխակալ վախերի հետ»: Մասնագետներին զարմացրել է նաև վերոնշյալ խորհրդակցության ժամանակ տնօրենների արձագանքը: «Ծափահարում են ու կասկածի տակ են դնում ներառական կրթության ապագան, և այդ տնօրենների մեջ կան Երևանում 44 դպրոց ներառական կրթություն իրականացնող, ովքեր այդ երեխաների ամենաթույլ, թեթև առանձնահատուկ կարիքը դարձրել են վկայագիր և ստանում են 4-ից 5 անգամ ավել գումար»,- ասում է տիկին Բախշյանը: Ներառական կրթությունը զուտ դասապրոցես կազմակերպելու ձև չէ, այն մի ամբողջ գաղափարախոսություն է: Երեխաները դպրոցից են սովորում կարիք ունեցող անձանց նկատմամբ առավել ուշադիր լինել: «Ներառականությունը մի մտածելակերպ է, որ մարդը արժեք է՝ առանց մարդկանց դասակարգելու: Այս արժեհամակարգը, որ ձևավորվում է դպրոցում, մեզ լավատեսություն է ներշնչում, որ վաղը մենք իսկապես կունենանք ներառական հասարակություն»,- կարծում է Սուսաննա Թադևոսյանը: Հայաստանը համընդհանուր ներառական կրթության կանցնի մինչև 2025 թվականը: Այժմ հանրապետությունում գործում է 150 ներառական դպրոց, որտեղ սովորում է 2000 հատուկ կարիք ունեցող երեխա: Սրան զուգահեռ կրճատվում է հատուկ դպրոցների թիվը՝ այն 53-ից հասել է 23-ի: Ի դեպ, Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանից մեկնաբանություն է խնդրել ներառական կրթության վերաբերյալ օրերս արած իր այդ հայտարարության արձագանքների մասին, որում պաշտոնյան ափսոսանք է հայտնել իր ասածների հետ կապված թյուրըմբռնման վերաբերյալ՝ շեշտելով, որ չար ու բարի լինելու խնդիրը չկա. «Իմ խոսքը չէր կարող նշանակել, որ ես դեմ եմ վարվող պետական քաղաքականությանը, մասնավորապես՝ ներառական կրթության ներդրմանը: Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններին, որոնք, բնականաբար, շահագրգիռ են հաշմանդամություն ունեցող երեխաների խնդրով, իրենց միանգամայն ճիշտ եմ հասկանում, ուղղակի ցանկացա մեր մանկավարժների ուշադրությունը հրավիրել նաեւ առողջ երեխաների հանդեպ հոգատարության վրա: Բացի այդ, կարեւորելով եւ անհրաժեշտություն համարելով ներառական կրթության համակարգի ներդրումը բոլոր դպրոցներում, ես դժգոհություն հայտնել եմ տեմպերի հետ կապված: Այսօր շուրջ 130 դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն, եւ մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի մյուս դպրոցները: Անհրաժեշտություն կա ուսումնասիրելու եւ հասկանալու այսօրվա 130 դպրոցների արդյունավետությունը, ապա նոր՝ ավելի կոնկրետ քայլերով շարունակելու: