Խաթարվում է շուկայում կարտոֆիլի բավարար մատակարարումը

Կարտոֆիլի սպասվող բերքի և ներկայիս գների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ  հանրապետությունում  սեփական արտադրության հաշվին ոչ միայն բավարարվում է ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև  հնարավորություններ են ստեղծվում արտահանումների համար։ Այդ առումով բացառություն չէ  նաև ընթացիկ  տարին։

Արարատյան հարթավայրում մշակվում են կարտոֆիլի վաղահաս սորտեր, որոնց բերքահավաքը սկսվում է  ապրիլ ամսից  և ավարտվում հուլիսին։

Հանրապետության բարձրադիր գոտում հիմնականում մշակվում են  ուշահաս սորտեր, որոնց մասսայական բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի կեսերից,  իսկ նույն գոտու համեմատությամբ ցածրադիր հատվածներում մշակվող միջահաս և միջաուշահաս սորտերի  բերքահավաքն արդեն  մեկնարկել է։

Ստացվում է այսպես, որ ամբողջ  օգոստոս ամսվա  ընթացքում, սեզոնայնությամբ պայմանավորված, խաթարվում է շուկայում կարտոֆիլի բավարար մատակարարումը, որն էլ հանգեցնում է  ժամանակավոր գնաճի։

Վստահեցնում ենք հանրապետության սպառողներին, որ մինչև սեպտեմբեր ամսվա առաջին կեսը  շուկայում աստիճանաբար  կդիտվի կարտոֆիլի գնանկում, իսկ ամսվա վերջում գինը կհավասարվի նախորդ տարիների մակարդակին։

Նախարարությունը վերահսկում է  իրավիճակը  և հավաստիացնում , որ առաջիկայում արդեն կարտոֆիլի շուկայում կդիտվեն դրական փոփոխություններ։

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին