Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանն այլեւս Լյուդմիլա Սարգսյանի հակառակորդը չէ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
12849_b

Բաղրամյան 26-ի հերթական հաճախորդը Վերամիավորյալ սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության նախագահ Լյուդմիլա Սարգսյանն է։ Նախագահականի հրապարակած հաղորդագրությունն ասում է՝ Լյուդմիլա Սարգսյանի հետ հանդիպումը սահմանադրական բարեփոխումների շրջանակում է։ Տիկին Սարգսյանը պարոն Սարգսյանի հետ հանդիպումը գնահատում է բավականին հաջող, թեպետ շփումն այդքան հեշտ չէր։ Մենք ժամանակին լուրջ քաղաքական հակառակորդներ ենք եղել՝ ասում է Լյուդմիլա Սարգսյանը։ Հնչեց հարց՝ Սերժ Սարգսյանն այլեւս Լյուդմիլա Սարգսյանի հակառակորդը չէ՞։ Տիկին Սարգսյանի պատասխանն է՝ Սերժ Սարգսյանը մեր նախագահն է, իսկ ինքը ընդդիմադիր է. «Եվ եթե հնարավորություն ունենք ներազդելու իշխանության վրա, ուրեմն պիտի ներազդենք»։ Սակայն ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը պնդում էր, որ Սերժ Սարգսյանն այս նախագծով ուզում է վերարտադրվել։ Չի բացառում, բայց նախագիծը կարեւոր հարց է լուծում. «Ամեն մի նախագահական ընտրություն դա ցնցում է, դա կրքերի բորբոքում է, եւ նախագահական համակարգից անցում պառլամենտական համակարգի հավանաբար հետապնդում է այդ նպատակը, որ երկիրը ցնցումներից զերծ պահվի»։ Ինքը չի պատրաստվում դուրս գալ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունից, առավելեւս չի պատրաստվում մանդատը վայր դնել։ Եվ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումով էլ չի փորձում լուծել ապագա Ազգային ժողով մտնելու խնդիրը. «Դա ցանկալի տարբերակ է, բայց կարող եմ եւ չհայտնվել»։ Տիկին Սարգսյանը չի կարող հակադրվել այս նախագծին եւ մի կողմ քաշվել, կարող է պատահի այն հանրաքվեով անցնի, այդ պահից բոլորս ապրելու ենք նոր Սահմանադրությամբ։ Ի դեպ, ինչու հանկարծ Սերժ Սարգսյանի հակառակորդը որոշեց հայտնվել Բաղրամյան-26-ում. «Վերջին կաթիլը իմ գործընկերների անբարո վերաբերմունքն էր իմ նկատմամբ»։ Անբարո վերաբերմունքն, ի դեպ, թերթերից մեկում տպագրված հոդվածն էր, որտեղ տիկին Սարգսյանին անվանել էին «Այո»-ի հաճախորդ։