Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վենետիկի հանձնաժողովը շատ հարցերի պատասխան չունի

Քաղաքականություն
վեն

Հայաստանում գտնվող Վենետիկի հանձնաժողովի անդամները քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո ասուլիս ունեցան լրագրողների հետ՝ խոսելով Սահնադրական փոփոխությունների շուրջ։ Հարցին, թե արդյո՞ք սկզբունքային տարաձայնություններ չկան սահմանադրության վերաբերյալ, ինչպես նշված է նախագահականի պաշտոնական հայտարարության մեջ, հանձնաժողովի անդամները նշեցին. «Կան էական կետեր, որ մենք բարձրացրել ենք եւ նշել, որ դեռևս չենք հասել լավագույն փորձին: Յուրաքանչյուրը կարող է վերցնել մեր հայտարարությունները եւ ներկայացնել դրանց վերաբերյալ իրենց եզրակացությունը: Մենք չենք մեկնաբանում մեր հայտարարությունները՝ համապատասխանեցնելով ձեր քաղաքական բառամթերքին»։ Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է փոփոխվող սահմանադրության 89-րդ հոդվածից հանել 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերը։ Դրանով նրանք կարո՞ղ են երաշխավորել, որ սահմանադրությունն ավելի ժողովրդավար կլինի, չի տուժի, դեռ մի բան էլ կզարգանա։ «Մենք այն մարմինը չենք, որ կարող է երաշխավորել ամբողջ գործընթացը: Չենք կարող ձեզ սերտիֆիկատ տալ, որ 2-3 տարի հետո ժողովրդավարությունն ավելի լավ վիճակում կլինի երկրում, քան այսօր: Մենք կարող ենք նայել տեքստին և գնահատել, թե համահո՞ւնչ է այն լավագույն փորձին, որը գոյություն ունի սահմանադրական իրավունքի ոլորտում։ Խնդիրն այն է, որ չենք կարող չափել ժողովրդավարությունը: Չենք կարող ասել՝ այսօր 5 է կամ 3»,-ասաց հանձնաժողովի անդամ Կրիստոֆ Գրաբենվարտերը։ Հարցին, թե քաղաքական որոշ ուժերի համոզմամբ այս փոփոխությունն ուղղված է Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրմանը, արդյո՞ք հանձնաժողովը երեկ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նման հարց ուղղել է, պարոն Գրաբենվարտերը պատասխանեց. «Հանդիպում եղավ երեկ երեկոյան և նաև՝ այսօր առավոտյան։ Հանդիպումներից երևում է, որ կատարելու ենք մեր աշխատանքը բավականին թեժ մթնոլորտում, քանի որ կան հակասություններ։ Բայց Վենետիկյան հանձնաժողովի մանդատն ու լիազորություններն այլ են, քան այն, որոնց փորձում են հասնել քաղաքական ուժերը: Որպես փորձագետներ, մենք բարձրաձայնում ենք այն կետերի վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: Վենետիկի հանձնաժողովը չի կարող ասել՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ, ճի՞շտ է, թե՞ սուտ, որովհետև դա մեր լիազորություններից դուրս է»: