Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էս հարսանի՞ք ա, 12 հոգով եկել եք». մահացած ծննդկանի հայրը՝ բժշկի վերաբերմունքի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar

Օրեր առաջ ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում այժմ նախաքննություն է ընթանում։ Մահացածի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը, անընդհատ հիշում է, թե ինչպիսի վերաբերմունք է դրսևորել իր դստեր հանդեպ Շենգավիթ բժշկական կենտրոնի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը։ «Նման կոպիտ անձնավորություն ես չէի տեսել։ Առաջին օրը աղջկաս ջերմությունը 38 աստիճանից բարձր էր, կինս զանգահարեց էդ բժշկին ու ասեց, որ ջերմությունը չի իջնում։ Շուշանիկն ասեց, թե 500 մլ պարացետամոլ թող խմի։ Բայց դա չօգնեց։ Մի քանի օր բարձր ջերմությունը չէր իջնում։ Տարանք հիվանդանոց, ասեցին՝ պաթոլոգիա չկա, չենք կարող պառկեցնել։ Բոլոր բարեկամներով խառնված էինք, իսկ էդ Շուշանիկը կնոջս կոպտել էր, թե էս հարսանի՞ք եք եկել, 12 հոգով եկել եք»,-պատմում է նա։ Պարոն Մարգարյանի խոսքով՝ ծննդկանի հանդեպ նույնպես բժշկուհին շատ կոպիտ է եղել.«Էդ վիճակում աղջկաս ասում էր՝ ուշքի արի, քեզ հավաքի»։ Մերին վստահել է բժշկուհուն և ծնողների հորդորին, թե տեղափոխեն այլ հիվանդանոց, չի համաձայնել։ Հաջորդ օրերին դարձյալ վիճակը չի բարելավվել։ «Շաբաթ օրը զանգում էինք, բժշկուհին չէր վերցնում հեռախոսը, կիրակի օրը նույնպես, պարզվեց՝ քաղաքից դուրս է։ Հետո, երբ իրենից թույլտվություն ստացան, նոր կարողացանք աղջկաս տանել հիվանդանոց։ Բուժքույրերն ընդունեցին, ոչ մի բժիշկ չկար։ Իրենց մոտ այդպես է. հիվանդը բժշկի սեփականությունն է և որևէ այլ բժիշկ իրավունք չունի նրան օգնի, մինչև բուժող բժիշկը թույլ չտա»,-ասում է մահացածի հայրը։ Ավելի ուշ Էրեբունի բժշկական կենտրոնում արված կեսարյան հատումը չփրկեց երիտասարդ կնոջը։ Նորածինը նույնպես մահացավ։ Բայց այնտեղի վերաբերմունքից պարոն Մարգարյանը դժգոհ չէ։ «Վիրահատությունը կատարած Անդրանիկ Պողոսյանն ասեց, որ աղջկաս և երեխային փրկելը վայրկյանների հարց էր, պարզապես ավելի շուտ պետք է տանեինք»։ Մանրամասները՝ տեսանյութում: