Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունիսի 23-ին ոստիկանները տեսողության խնդի՞ր են ունեցել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
D688C85C-7147-4926-89CE-2F575486F365_w640_r1_s

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող 237 քաղաքացու բերման է ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Ոստիկանությունն այդպես է պատասխանել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հարցմանը։ Բերման ենթարկելու համար, ըստ ոստիկանության, բավարար հիմք է եղել այն, որ այդ քաղաքացիները բռնվել են հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելիս կամ կատարելուց հետո։ Դանիել Իոաննիսյանը նշում է. «Ոստիկանությունն ասում է, որ հանցագործության պահին մարդկանց բռնել են, որովհետև տեսել են խուլիգանություն, այն դեպքում, երբ արդեն բավականին ժամանակ է անցել, բայց որևիցե մեկը ոչ կասկածվել, ոչ էլ մեղադրվել է խուլիգանության մեջ։ Սա նշանակում է, որ 237 մարդու արարքներում ոստիկանությունը տեսել է խուլիգանություն, բայց այդ մարդիկ խուլիգանություն չեն արել։ Հիմա ոստիկանները կամ հոգեբանության հետ խնդիրներ ունեն, կամ տեսողության հետ խնդիրներ ունեն, կամ էլ ազնվության հետ խնդիրներ ունեն»։ Ըստ Իոաննիսյանի՝ իրենք ոստիկանությունից փորձել են ճշտել նաև, թե ով է գործողություն սկսելու հրաման արձակել։ «Դա կատարվել է շատ ավելի բարձր մակարդակի վրա, դա կատարվել է անգամ ո՛չ Հունան Պողոսյանի հրամանով։ Ես համոզված եմ, որ դա եղել է առնվազն Վլադիմիր Գասպարյանի հրամանով»։ Հունիսի 23-ին բռնության ենթարկված քաղաքացիներից է նաև 23-ամյա քաղաքագետ Ֆիլիպ Արզումանյանը։ Նրան զարմացնում է ոստիկանության պատասխանը, թե ինքը մեկն է այն քաղաքացիներից, որին բերման են ենթարկել հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարելիս։ «Աբսուրդ, մեկ բառով կարող եմ ասել։ Ինչպես միշտ լինում է մեր երկրում։ Խուլիգանությունը և հանցագործությունը իրականացվել է ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- ասում է նա։ Ֆիլիպը բռնության է ենթարկվել Ազատության հրապարակում՝ Բաղրամյան պողոտաjում ջրցան մեքենաներով ոստիկանության իրականացրած գործողությունից հետո։ Երիտասարդը հիշում է՝ ինքն արդեն հեռանում էր Ազատության հրապարակից, երբ տեսել է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով անձինք բռնության ենթարկում մի աղջկա։ «Այդ աղջիկը գոռում էր, ես զարմացած մոտիկացա, ասացի՝ այս ի՞նչ եք անում։ Նրանք խառնվեցին իրար, իմ վրա անցան, ասեցին՝ լավ չե՞ս դու ու մոտիկացան»,- հիշում է Ֆիլիպը։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին բռնության ենթարկած մի խումբ քաղաքացիներ՝ դիմել են եվրոպական դատարան՝ իրենց իրավունքների ոտնահարման փաստը ճանաչելու համար։ Գործընթացի հետ կապված առայժմ զարգացումներ չկան։